Ղուկասյանի կտակը Բալասանյանին` շուրջ 3 մլն դոլար պարտք
Գյումրու քաղաքապետարանը ներկա դրությամբ ընդհանուր հաշվով շուրջ 3 մլն դոլարի պարտքեր ունի տարբեր ընկերությունների՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին, հեռախոսի, դիզվառելիքի և այլ ծառայություններ մատուցող ընկերություններին: Այս մասին galatv.am-ին ասել է Գյումրու քաղաքապետարանի մամլո պատասխանատու Զոհրապ Եգանյանը:
Միայն աշխատավարձերի պարտքը քաղաքապետարանի աշխատակիցներին և համայնքային կառույցի ենթակայության տակ գործող մյուս կառույցների` մանկապարտեզների, սպորտ դպրոցների, երաժշտական, նկարչական դպրոցների աշխատակիցներին կազմում է 210 միլիոն դրամ:
«Օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աշխատավարձ չի վճարվել և ահա կգումարվի նաև հոկտեմբերը, որը դարձյալ կկուտակվի` որպես պարտք, քանի որ քաղաքապետարանը առայժմ հնարավորություն չունի վճարելու և ուղիներ են փնտրվում այդ պարտքերը հատուցելու համար»,- ասել է Զոհրապ Եգանյանը:
Ներկա պահին Գյումրու քաղաքապետարանի բոլոր հեռախոսահամարները անջատված են՝ դարձյալ պարտքերի պատճառով: Հեռախոսային ծառայություն մատուցող ընկերությանը քաղաքապետարանը շուրջ 2,3 միլիոն դրամի պարտք ունի:
«Կապի մասով տարեկան բյուջեով նախատեսված է եղել 14 միլիոն դրամ գումար, բայց այդ գումարը սպառվել է առաջին եռամսյակում: Ներկա պահին քաղաքապետարանը 2 միլիոն 300 հազար դրամ հեռախոսի պարտք ունի, այդ իսկ պատճառով հեռախոսները անջատված են»,- ասել է Եգանյանը:
Քաղաքապետարանը պարտքեր ունի նաև առանձին ընկերությունների: «Գյումրեցի ընկերներ ՍՊԸ-ին 420 միլիոնի պարտք ունի, որոշակի ուշագրավ փաստեր ենք արձանագրել այս ընկերությանն ունեցած քաղաքապետարանի պարտքերի մասով, երբ ուսումնասիրությունն ավարտենք, կբարձրաձայնենք»,- ասել է Գյումրու քաղաքապետարանի մամլո խոսնակը:
Նշենք, որ «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ տարիներ շարունակ Գյումրու փողոցները ասֆալտապատող կամ կարկատան անող ընկերությունն է:
«Գյումրու քաղաքապետարանի հաշվին գումարի բացակայության պատճառով արդեն հյուրեր էլ չենք կարող ընդունել, քանի որ տարեկան բյուջեով սահմանված 10 միլիոն դրամը ամբողջովին ծախսվել է»,- եզրափակել է Զ.Եգանյանը:
Գյումրու քաղաքապետարանի ընդհանուր պարտքը ներկա պահին կազմում է 1 միլիարդ, 200 միլիոն դրամ: