Բաժիններ՝

Նախկինում ստացված վնասվածքների համար կփոխհատուցվեն բոլորը

Ազգային ժողովի հոկտեմբերի 24-ի նիստում ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կառավարությանը հարց ուղղեց իրեն դիմած բազմաթիվ այն քաղաքացիների անունից, ովքեր տարբեր ժամանակահատվածներում աշխատելով տարբեր կազմակերպություններում, ստացել են վնասվածքներ, մասնագիտական հիվանդություններ և չեն ստացել համապատասխան փոխհատուցում:

«Գործող օրենսդրության համաձայն, փոխհատուցումը, եթե կազմակերպությունը լուծարվել է, պետք է տրամադրվի պետական բյուջեի միջոցների հաշվին: Սակայն, ցավոք, նաև 2013թ.-ի պետական բյուջեի նախագծում, կարծես թե, չկան նախատեսված այդ գումարները: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և նաև այն, որ սննկացման վարույթում հատկապես այս հարցը դատարանների պատշաճ ուշադրության առարկա չի դառնում, ստացվում է, որ այս քաղաքացիները զրկվում են օրենքով իրենց հասանելիք փոխհատուցման գումարներից»,- նշեց պատգամավորը:

Ի պատասխան հարցի` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նկատեց, որ խնդիրը վերաբերում է մի քանի խումբ մարդկանց: «Մի դեպքում գործ ունենք այն մարդկանց հետ, որոնք աշխատել են որպես քաղծառայող կամ պետական ձեռնարկությունում, և ստացել են այդ վնասվածքները: Նրանք բոլորը, եթե առողջությանն այնպիսի վնաս է հասցվել, որ իրենց մասնագիտական կարողություններն են կորցրել և եթե դիմել են, ապա ստանում են փոխհատուցում համապատասխան կարգով»,-վստահեցրեց նախարարը:

Ըստ Հ.Թովմասյանի, կա խնդիր պետական այն ձեռնարկությունների հետ, որոնք բաժնետիրական ընկերություններ են եղել և այլն: Այս դեպքում օրենքով հստակ սահմանվում է, որ պետական բյուջեն փոխհատուցման մասով պատասխանատվություն չի կրում, այլ պատասխանատվությունը կրում է տվյալ ձեռնարկությունը:

Նախարարը վստահեցրեց, որ կան այդպիսի մի քանի ձեռնարկություններ,  որոնց հետ կապված խնդիրները ներկայումս փորձ է արվում լուծել: «Մեկը «Հայկական ավիաուղիներ»-ն է, որի մասին բազմիցս այս ամբիոնից խոսել ենք: Հիմա փորձ է արվում գտնել այն ռեսուրսները, որ դեռևս մնացել են: Կա մի ինքնաթիռ, որը, ըստ էության, կարող ենք արդեն չհաշվել, բայց կա որոշակի հողատարածք Սևանի ափամերձ տարածքում»,-ասաց Հ.Թովմասյանը` հավելելով, որ այժմ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի  այդ տարածքի դիմաց հնարավոր լինի որոշակի գումարներ հայթայթել և այդ աշխատակիցներին վճարել:

«Այսինքն` այս դեպքում, երբ պետական բյուջեի խնդիրը չի, այն, այնուամենայնիվ, կառավարության ոիշադրության կենտրոնում է, և փորձում ենք նաև նրանց սատար կանգնել: Իսկ մյուս դեպքում, եթե նրանք եղել են քաղծառայողներ, ուսուցիչներ և ստացել են նման վնասվածքներ, բոլոր դեպքերում ստացած վնասները փոխհատուցվում են: Նրանք ստանում են համապատասխան փոխհատուցումներ, սոցիալական ապահովության վճարներ»,-հավաստիացրեց Արդարադատության նախարարը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս