
Ավարտվել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի նախաքննությունը

ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում քիչ առաջ ավարտվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանության գործով նախաքննությունը:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վաղը կողմերին կտրամադրվեն գործի նյութերը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին սպանությունը կազմակերպելու համար ձերբակալվել և ոստիկանություն բերման էր ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին` 1978թ. ծնված Ստեփան Հակոբյանը: 2006 թվականից հետախուզվող Ս. Հակոբյանին Կիևյան կամրջի վրա ձերբակալել էին այն ժամանակ, երբ նա վարելիս էր եղել հոր` Սիմոն Հակոբյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Նա կալանավորվել է 2011թ. դեկտեմբերին:
Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին, Սեբաստիա փողոցում: Արձակված կրակահերթից մահացել էր նաև պատահական մի անցորդ՝ երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը: