«ՀԱԿ-ը վերածվել է այս կամ այն քաղաքական ուժի կցորդի». Շարմազանով

Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հակադարձել է ՀԱԿ-ի համակարգող, դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարություններին:

Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե 2013-ին նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում, Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է Գագիկ Ծառուկյանին և Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար:

Նա նաև ասել էր, թե գործող նախագահին մարտահրավեր նետելու ունակ երկու քաղաքական ուժերը` ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն կարող են համախմբվել երկրում դեմոկրատական կարգեր հաստատելու համար:

Էդուարդ Շարմազանովի որակմամբ` այս հայտարարությունները «կատարյալ խայտառակություն են». «Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Գագիկ Ծառուկյանը Լևոն Զուրաբյան փաստաբանի կամ ՀԱԿ փաստաբանական ծառայությունների կարիքը ունի»:

«ՀԱԿ համակարգողը խոսում է ամեն գնով ինչ-որ բան պահելու մասին, չկորցնելու մասին, բայց այնպիսի տպավորություն է, որ կորցնելու վախով և այդ սինդրոմով տառապում է հենց ինքը` ՀԱԿ համակարգողն ու իր շեֆը, որն այս տարիների ընթացքում վեր է ածվել այս կան այն քաղաքական ուժի կցորդի և գնալով կորցնում է իր հեղինակությունը: ՀԱԿ համակարգողն իր հարցազրույցում բացահայտում է ՀԱԿ-ի իրական դեմքը. դա այն է, որ ՀԱԿ-ի հացը կամ Զուրաբյանի հացը այս կամ քաղաքական ուժերի միջև թվացյալ կամ իրական հակասությունների մեջտեղում հաց վաստակելն է: Եվ կարծում եմ, դա լուրջ քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին բնորոշ չէ որևէ երկրում»:

Շարմազանովի ընկալմամբ` Զուրաբյանը նշված հարցազրույցում «արձանագրել է, որ մոտենում է իր և ՀԱԿ-ի քաղաքական մոտալուտ վախճանը»:

Հարցին, թե ՀՀԿ-ում հնարավոր համարո՞ւմ են, որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը առաջիկա նախագահական ընտրություններում պայքարեն ընդդեմ Սերժ Սարգսյանի, Շարմազանովը պատասխանել է, թե նախագահական ընտրությունների հետ կապված որևէ սցենար չեն քննարկել: Քննարկվել է միայն, որ դեկտեմբերին կայանալիք կուսակցության համագումարում առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Փաստն այն է, որ ՀԱԿ համակարգողն ընդունում է իր թիմի կամ գոնե իր թիմի գերակշռող մեծամասնության քաղաքական իմպոտենտությունը և ընդունում է Հայաստանի հանրապետական կուսակցության և դրա ղեկավարի բացարձակ ֆավորիտ լինելու փաստը», – եզրափակել է Հանրապետականի խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս