Նալբանդյանի գործուղումների նպատակը ԲՀԿ-ում չեն հասկանում
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը հարցրեց, թե ինչո՞ւ է այդքան շատ գումար ծախսվում ՀՀ արտգործնախարարի գործուղումների համար:
Ի պատասխան, ՀՀ վարչապետն ասաց. «Նրա բոլոր գործողումները, բնականաբար, համաձայնեցվում են ՀՀ նախագահի և վարչապետի հետ, և բխում են մեր ազգային շահերից: Եվ հարկադրել այդ գործուղումներն այլ սոցիալական խնդիրներին՝ կոռեկտ չէ»:
Այս պատասխանից հետո Է. Վարդանյանը նկատեց. «Ինձ՝ որպես հասարակ ՀՀ քաղաքացու, այնուամենայնիվ, հասկանալի չէ, թե ի՞նչ է անում մեր արտգործմախարարը Նոր Զելանդիայում, Գվատեմալայում կամ նմանատիպ այլ երկրներում՝ Կոնգոյում: Եթե ՀՀ հեղինակությունը պետք է ներկայացվի պարզապես այդպիսի երկրներում, այդ դեպքում ինձ համար շատ կասկածելի է այն արտաքին քաղաքականությունը, որ այսօր տանում է ՀՀ կառավարությունը»:
«Ես համամիտ չեմ Ձեր գնահատականների հետ: Մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում բոլոր գործուղումներին և փորձում ենք գործողումների քանակն էապես կրճատել, եթե չի շոշափում մեր ազգային շահն այս կամ այն պետությունում: Մենք գնահատում ենք մեր արտգործնախարարի բոլոր գործուղումները, դրանք խիստ կարևոր են, և այդ գործուղումները համաձայնեցվում են նախապես և կոնկրետ բոլոր գործուղումների նպատակները: Երկրները կարող են լինել շատ տարբեր, և դա ամենևին չի նշանակում, որ այդ երկրներում քննարկվող հարցերը չունեն էական նշանակություն մեր արտաքին քաղաքականության տեսակետից: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ չեմ կիսում Ձեր գնահատականները»: