«Պարոն Օսկանյանը կկարողանա ապացուցել, որ ինքը հանցագործ չէ». Ն. Զոհրաբյան
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը գրավոր հարց էր ուղղել Կառավարությանը՝ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից 2006թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2011թ. մայիսի 1-ը ժամանակահատվածում կատարված ծախսերի և ծրագրերի ցանկը տրամադրելու վերաբերյալ: Ն. Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե 81 709 գյուղացիների համար գյուղական տարբեր համայնքներում կազմակերպված դասախոսությունների համար որքա՞ն գումար է ծախսվել:
Ի պատասխան, ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց. «Ձեզ ներկայացված տեղեկանքում դա մտնում է առավել խոշորացված գյուղատնտեսության աջակցության՝ ջրից դեպի շուկա բաղադրիչի մեջ, որտեղ կան բազմաթիվ տարրեր, և մենք այդ աստիճանի չենք ստացել: Եթե հատկապես դասախոսությունների թեման է քննարկվում, ապա դա մենք կներկայացնենք գրավոր կերպով՝ այդ բաղադրիչը կոչվում է՝ ջրից դեպի շուկա: Վերապատրաստվել են ջրի ներտնտեսային կառավարման և բարձրարժեք գյուղատնտեսության ոլորտներում, հիմնվել են ցուցադրական տեղամասեր, տրվել են վարկեր ջերմոցների և սառնարանային տնտեսություններ հիմնելու նպատակով, աջակցություն է տրամադրվել վերամշակող կազմակեպություններին և ֆերմերային խմբերին»:
Այս պատասխանից հետո Ն. Զոհրաբյանն արձագանքեց. «Ես հիմա ցանկանում եմ, որ մեր խորհրդարանը և մեր հանրությունն իմանա, որ այս կարևոր ծրագրից ուղիղ 16,6 մլն դոլար ծախսվել է, ինչպես արդեն նշեցի, դասախոսություններ տողի համար՝ գյուղացիներին՝ թվով 81 709 տարբեր գյուղական համայնքներում գյուղացիների համար դասախոսություններ կարդալ, և երբ ՀՀ գլխավոր դատախազը գալիս է էստեղ և 181 հազար դոլարի համար, որը չի կորել, ավելին՝ ավելացել է, խնդրում է խորհրդարանի աջակցությունը, որպեսզի պարոն Օսկանյանը կկարողանա ապացուցել, որ ինքը հանցագործ չէ: Այս գումարը՝ 16,6 մլն դոլարը ծախսված դասախոսությունների համար, կարծում եմ՝ մենք բոլորս պետք է նպաստենք, որպեսզի այդ գումարներ ծախսողները հնարավորություն ունենան հանրության առջև ապացուցել իրեն անմեղությունը»:
Նա նաև հավելեց. «Այլապես կոռուպցիայի դեմ պայքարի ստախանովյան շարժումներ են կազմվում, ատկատները դարձել են քաղաքական ֆոլկլորի ամենասիրելի ժանրը»: