Ֆրանսիացի սրտաբանները պատրաստ են աջակցել Հայաստանին
Երևանում այսօր անցկացվում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժման և կանխարգելման ժամանակակից մոտեցումներին նվիրված գիտական վեհաժողովը, որին մասնակցում են Անոթային առողջության միջազգային ասոցիացիայի հիմնադիր և փոխնախագահ Ռոլանդ Ասմարը, «Սեղվիե» ֆրանսիական ընկերության գիտական և բժշկական ծրագրերի տնօրեն Ֆրանսուա Կամյուն և բժշկական փորձագետ Ժերար Թոփուջյանը։
Վերջիններս երեկ հյուրընկալվել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ հաջորդ տարվանից Հայաստանում պետական ծրագրով կիրականացվեն սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգներ։
Հանդիպման ընթացքում ֆրանսիացի մասնագետները նշել են, որ իրենք պատրաստ են առաջիկայում աջակցել Հայաստանի առողջապահական տարբեր ծրագրերի իրականացմանը։ Քանի որ նախարարը կարևորեց նաև ուռուցքաբանության ոլորտը, Ֆրանսուա Կամյուն տեղեկացրեց, որ «Սեղվիեն» ամերիկյան մի շարք լաբորատորիաների հետ հետազոտություններ է սկսում ուռուցքաբանության ասպարեզում նոր դեղամիջոցների հետազոտման և հայտնաբերման ուղղությամբ և չբացառեց առաջիկայում այդ ոլորտում ևս համագործակցելու հավանականությունը։