Բաժիններ՝

Հայաստանում գիտության և տեխնիկայի թանգարանը ցուցանմուշներ է հավաքում

Հայաստանում գիտության և տեխնիկայի թանգարանը ստեղծվել է 2008թ., սակայն թանգարանը դեռևս չի գործում, քանի որ դրա համար անհրաժեշտ տարածք չկա։

Թանգարանին տարածք տրամադրելու համար թանգարանի հիմնադիրները դիմել են մի քանի գերատեսչությունների և այժմ սպասում են պատասխանի: Իսկ մինչ այդ թանգարանի համար ցուցանմուշներ են հավաքում: Այս մասին 168.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Գիտության և տեխնիկայի թանգարանի հիմնադիրներից Ժիրայր Սևոյանը։

Նրա խոսքով` թանգարանում արդեն հավաքվել է շուրջ 300 ցուցանմուշ՝ գիտատեխնիկական սարքեր և սարքավորումներ, ինչպես նաև տարբեր առարկաներ, որոնք արտադրվել են Հայաստանում։ Բացի այդ, կան նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնք խոսում են Հայաստանի արդյունաբերական պատմության մասին:

«Ոչ մի գիտություն առանց պատմության գոյություն ունենալ չի կարող: Ներկայիս գիտության նվաճումները նախկինում հիմքեր ունեն: Իսկ գիտության և տեխնիկայի թանգարանը կոչված է փրկելու Հայաստանի արդյունաբերական պատմությունը ոչնչացումից»,- ասաց Ժ. Սևոյանը` նշելով, որ իրենց նպատակն է հավաքել և հանրությանը ներկայացնել Հայաստանի և օտարերկրյա հայազգի գիտնականների ու գյուտարարների հայտնագործությունները, գյուտերն ու գիտատեխնիկական նվաճումները, ինչպես նաև երիտասարդների և պատանիների մեջ կնպաստի սերը դեպի գիտություն և տեխնիկա:

Ժ. Սևոյանը վերջում կոչ արեց բոլորին աջակցել թանգարանին և տրամադրել տարբեր ժամանակների հայազգի գիտնականների վերաբերալ նյութեր և սարքավորումներ: Իսկ թանգարանի բացվելուն պես, երբ ցուցանմուշները ցուցադրվեն, դրանք տրամադրողների անունը կգրվի հենց ցուցանմուշի տեղեկատվական վահանակում:

Նշենք, որ թանգարանների ցուցանմուշները պահվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող National Instruments ամերիկյան ընկերության հայաստանյան գրասենյակի հատկացված տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս