Ի՞նչ է պատահել, որ չվաճառեն
«ԱԳՆ շենքը վաճառվել է շուկայականից ավելի բարձր գնով»,- «Ա1+»-ի փոխանցմամբ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ ասել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախագահ Արման Սահակյանը։
Կառավարության որոշմամբ ԱԳՆ շենքը «Տանգո» ընկերությանն էր օտարվել 51 մլն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով՝ տեղում հյուրանոց կառուցելու նպատակով։
Թե կոնկրետ ի՞նչ սկզբունքով է կատարվել շենքի գնահատումը, Արման Սահակյանն այդպես էլ չի նշել։
Ըստ Արման Սահակյանի՝ որևէ օրենքով ամրագրված չէ, որ ԱԳՆ շենքը վաճառելուց առաջ պետք էր հանրային քննարկումներ անցկացնել՝ ճշտելու համար հասարակության կարծիքը.
«Ձեզ թվում է, որ ցանկացած որոշում, որը ես պետք է Կառավարություն տանեմ, պետք է քննարկման առարկա դարձնե՞մ»,- պատասխանել է Արման Սահակյանը` ի պատասխան լրագրողի հարցի։
Նա նաև չի հերքել, որ հնարավոր է նույն սկզբունքով վաճառվեն նաև այլ պետական շենքեր.
«Եթե լավ առաջարկ լինի նաև կքննարկվի այդ հարցը, ի՞նչ է պատահել որ»,- նշել է Արման Սահակյանը՝ հավելելով, որ այժմ խոսակցություններ կան նաև Տրանսպորտի և կապի նախարարության շենքը վաճառելու ուղղությամբ։
Ամփոփելով 2012 թվականի 9 ամիսների ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ցուցանիշները՝ Արման Սահակյանը նշել է, որ պետական գույքի մասնավորեցումից մուտքերը կազմվել են 219 մլն դրամ, պետական գույքի օտարումից՝ 687 մլն դրամ, իսկ վարձակալությունից՝ 170 մլն 270 հազար դրամ։
«Լուծվել է նաև Ադրբեջանից բռնագաղթած 16 ընտանիքների զբաղեցրած հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման հարցը»,- ասել է Արման Սահակյանը։