Բաժիններ՝

«Հարսնաքարի» գործով առաջինը ցուցմունքներ կտան տուժողները

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի (դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ) որոշմամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքի գործով նախ կհարցաքննվեն տուժողները, վկաները, ամբաստանյալները, ապա կհետազոտվեն գործի գրավոր փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները:

Մեղադրող Արթուր Դավթյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել և հաջորդ նիստին ապահովել բոլոր տուժողների մասնակցությունը, և յուրաքանչյուր տուժողի հարցաքննել բոլոր մյուս տուժողների ներկայությամբ:

Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել 4 տուժողներից 2-ը, տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանը և նրա ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Մեղադրողը նպատակահարմար համարեց, որպեսզի տուժողների հարցաքննության փուլը սկսվի տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունից՝ նա բացակայում էր դատական նիստից: Տուժող կողմը ևս համամիտ էր վերջին առաջարկի հետ, իսկ պաշտպանական կողմը գտնում է, որ հարցաքննությունը կարելի է սկսել նիստին ներկա Գարիկ Սողոմոնյանի հարցաքննությունից:

Միևնույն ժամանակ պաշտպանական կողմում առաջարկներ հնչեցին հետաձգել դատական նիստը տուժողի հարցաքննությանը պատրաստվելու համար:

Դատարանը ևս գտավ, որ այս փուլում տուժողների բացակայությունը խոչընդոտ է դատական նիստը շարունակելու համար, ուստի որոշվեց նիստը հետաձգել և հոկտեմբերի 31-ի դատական նիստին ապահովել բոլոր տուժողների մասնակցությունը և տեղում որոշել տուժողների հարցաքննության հերթականությունը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս