
Խաչիկյանը լռում է` ելնելով փաստաբանական տակտիկայից

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը շարունակում է նախաքննական մարմիններին ցուցմունք չտալու իր մարտավարությունը:
«Ինքը ցուցմունք չի տալիս, որովհետեւ էդ արդեն իրա գործն է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Վ. Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը:
«Հիմա մենք հո չե՞նք հրապարակելու, որ ինքը ինչի ցուցմունք չի տալիս: Դա փաստաբանական տակտիկա է, պաշտպանությունը այդպես է հարմար գտել, չի ուզում ցուցմունք տալ, չի տալիս»,- հավելել է Խաչիկյանի փաստաբանը:
Վերջինս հանդիպել է Վ. Խաչիկյանի հետ, մանրամասն զրուցել են, իսկ գործին դեռ ծանոթանում է փաստաբանը:
Հարցին, թե` Վազգեն Խաչիկյանը ե՞րբ կսկսի ցուցմունք տալ, կամ խոսել, նա ինչ-որ բանի՞ է սպասում, փաստաբան Ժորա Վարոսյանը պատասխանել է. «Դեռ չեմ կարող ոչինչ ասել, առայժմ նա օգտվում է իր իրավունքից և լռում է, թե երբ կխոսի՝ չգիտեմ»: