«Ճ դասի կուսակցություններին ուշադրություն մի դարձրեք»
«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետզոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ, առաջիկա նախագահական ընտրություններում կմասնակցեն 12 խմբավորումներ:
«Ինչո՞ւ եմ ասում խմբավորումներ, որովհետև ոչ բոլորին կարելի է անվանել կուսակցություն»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` ասել է Ա. Ադիբեկյանը:
Ըստ Ադիբեկյանի, նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրման շքերթը լուծելու է երկու խնդիր, առաջադրե՞լ, թե՞ սատարել:
«Եթե ընդդիմությունն առանձին թեկնածուներով հանդես գա, իրարից ձայն են փախցնելու»,- նշել է Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, թե միասնական թեկնածուով հանդես գալու դեպքում ընդդիմությունն ավելի մեծ շանսեր ունի և հնարավոր է, որ ծանրակշիռ ձայներով անցնի երկրորդ փուլ:
Պարզվում է` հնարավոր առաջադրումների վերաբերյալ Ադիբեկյանը որոշ տվյալներ ունի, սակայն հրաժարվում է հրապարակել. «Ընդդիմությունը կասի` Ադիբեկյանը իշխանական պատվեր է կատարում»,- պատճառաբանել է Ա. Ադիբելյանը:
Ի դեպ, սոցիոլոգը խորհուրդ է տալիս մեծ ուշադրություն չդարձնել «ճ դասի» կուսակցություններին` ասելով. «Նրանք մեծամտանում են և ավելի են սկսում պղտորել ջուրը»: