Ինչո՞ւ մեզանում չի կայանում բանավեճի մշակույթը
Հեռուստաշոուի տարրերով հագեցած նախընտրական բանավեճերը հաճախ վճռորոշ են լինում ամերիկացի ընտրությունների հարցում։ Իսկ թե որքանո՞վ հեռուստադեբատներն ազդում հայաստանցի ընտրողի քաղաքական նախասիրությունների վրա, ըստ «Ա1+»-ի` դժվար է գնահատել, քանի որ նախագահի թեկնածուների միջև հաջողված բանավեճի միակ օրինակը վերաբերում է հեռավոր 2003-ին, երբ միմիյանց հետ դեմ առ դեմ բանավիճեցին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանը։
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իր երկու ընտրարշավներից ոչ մեկում մրցակիցների հետ երբևէ հրապարակային բանավեճ չի ունեցել։
«Մենք այդ մշակույթը դեռեւս չունենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Վազգեն Մանուկյանը:
Նա կարևոր է համարում նախընտրական բանավեճը, սակայն չի բացարձակացնում դրա արժեքը, քանի որ «կարող է հանճարեղ նախագահացուն հռետորական ունակություններ չունենա և հակառակը՝ շոումենի հատկանիշներով մեկը հաջողություն ձեռք բերի բանավեճի միջոցով»:
Ըստ Վազգեն Մանուկյանի, բանավեճի մշակույթի կայացման համար հարկավոր է, որ երկրում ընդդիմությունն ու իշխանությունը պարբերաբար փոխարինեն միմյանց։ Այս առումով, ըստ նրա, Հայաստանում դեռևս նախադեպ չկա:
«Եթե մեկը միշտ ընդդիմություն է լինում, մյուսն իշխանություն, էդ բանավեճից մեծ օգուտ չկա, որովհետև ընդդիմադիրը առանց որեւէ պատասխանատվության ցանկացած հայտարարություն կարող է անել, և բանավեճի մեջ էլ իշխանության պրոֆեսիոնալիզմը միշտ ավելի բարձր կլինի»,- նշել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։
Մաթեմատիկոս Արամ Հարությունյանը նույնպես նախագահական ընտրություններին հարուստ փորձ ունի։ Նա մասնակցել է վերջին երկու նախագահական ընտրություններին: Սակայն միայն 2008-ին պարոն Հարությունյանի հետ բանավիճել են, լավագույն դեպքում, իր մրցակիցների ներկայացուցիչները։
«Չեմ հիշում, ասենք, Սերժ Սարգսյանի կողմից ով էր՝ 2008-ին Գալուստ Սահակյանն էր եկել կարծեմ», – մտաբերել է նա:
Ինչու՞ մեզանում չի կայանում բանավեճի մշակույթը՝ մաթեկմաթիկոսն իր բացատրությունն ունի։
«Պասկալն ասում էր՝ պետք է հենվել այն բանի վրա, ինչը դիմադրում է: Ցավոք սրտի, մեզ մոտ հենվում են փափուկ բաների վրա։ Մեզ մոտ ընդդիմության այցեքարտը դառնում է իշխանությանը հայհոյելը, իշխանությունն էլ վերևից ասում է՝ ականջդ կքաշեմ»,- «Ա1+»-ին ասել է Արամ Հարությունյանը: