Լևոն Տեր-Պետրոսյանի վրեժը հայ ժողովրդից
Երբ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան իր առանձնատանը հրավիրված ասուլիսում ՀՀ առաջին նախագահ, այն ժամանակ՝ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության վերաբերյալ հարցին՝ հայտարարեց, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, դա ընկալվեց որպես չար կատակ կամ սև հումոր:
Հաջորդած հինգ տարիները ցույց տվեցին, որ դա, այսինքն` Քոչարյանի հետ համագործակցությունը, դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ամենահետևողականորեն իրագործվող խոստումներից մեկը: Անցած տարիների ընթացքում ՀԱԿ-ից հետևողականորեն մեկուսացվեցին բոլոր այն գործիչները, որոնց համար Քոչարյանի հետ համագործակցությունը նույնիսկ քննարկման ենթակա չէր: Այսօր ՀԱԿ-ում գրեթե չկան մարդիկ, ովքեր դեմ կարտահայտվեն Քոչարյանի հետ համագործակցությանը, և այդ հարցում ՀԱԿ-ն այլևս այնքան ազատ է իրեն զգում, որ աստիճանաբար ստանձնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի դերակատարությունը:
Այլ կերպ դժվար է գնահատել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի` հատկապես վերջին շրջանի գործունեությունը: «2013-ին վերընտրվելու դեպքում Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է խոշոր տնտեսական և ֆինանսական հնարավորություններ ունեցող Գագիկ Ծառուկյանին և Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար»,- այսօր «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է Լևոն Զուրաբյանը:
Նա չի զլացել մանրամասնել, թե ինչպես է դա տեղի ունենալու: «Ով իշխանության գլուխ է, նա է տիրանում սեփականությանը: Ուստի այն մարդը, ով կորցնի իշխանությունը, կորցնելու է նաև սեփականությունը»,- ասել է Լ.Զուրաբյանը` ավելացնելով, որ Սերժ Սարգսյանը «շատ լավ գիտի, որ նման համակարգում, որի պահպանմանը ինքը ամեն ինչով նպաստում է, հենց որ ինքը կորցնի իշխանությունը, իր բարեկամների, հարազատների, ընկերների ձեռքից այդ իշխանությունը առնվելու է»:
«Ուստի իր պատկերացրած, այսպես ասած, քաղաքականության շրջանակներում, նա ամեն ինչ անում է ոչ միայն, որ վերարտադրվի 2013 թվականին, այլ նաև դրանից հետո իր նախագահական պաշտոնավարման ժամկետը օգտագործի այն նպատակով, որ ամայացնի քաղաքական միջավայրը Հայաստանում: Իսկ դա իր համար առաջին հերթին նշանակում է հեռացնել քաղաքական դաշտից այն գործոնները, որոնք նաև ունեն խոշոր տնտեսական, ֆինանսական հնարավորություններ: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին և նրա «Բարգավաճ Հայաստան»-ը»,- հայտարարել է ՀԱԿ համակարգողը:
Նա կրկնել է օրերս Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերից հնչեցրած իր այն միտքը, որ այսօր Հայաստանում կա Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետելու ունակ երկու խոշոր քաղաքական ուժ` «Բարգավաճ Հայաստանը» և ՀԱԿ-ը. «Լինելու է կենաց և մահու պայքար, և ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ կարողանա ռեժիմի դեմ պայքարում, դեմոկրատիայի հաստատման այս պայքարում ձեռք բերել անհրաժեշտ դաշնակիցներ, որոնք շահագրգռված կլինեն, որ այս քաղաքական տրամաբանությունը փոխվի, որ այսուհետև Հայաստանում լինեն լրիվ այլ խաղի կանոններ, որ քաղաքականությունը և բիզնեսը իրարից բաժանված լինի, որ սեփականությունն ու բիզնեսը երաշխավորված, ապահովագրված լինի դեմոկրատական կարգերով, մրցակցային միջավայրով և այլն:
Ահա այս խնդիրների շուրջ, ես կարծում եմ, որ կարող են համախմբվել և՛ Հայ ազգային կոնգրեսը, և՛ «Բարգավաճ Հայաստան»-ը, և՛ ընդհանրապես լայն հասարակությունը»,- ասել է նա:
Լևոն Զուրաբյանի ձևակերպումներում, ինչպես նկատեցիք, որևէ բնորոշում կամ մակդիր չկա Ռոբերտ Քոչարյանի կամ Գագիկ Ծառուկյանի անվանումներից առաջ: Լ.Զուրաբյանն այլևս հարկ չի համարում հիշեցնել, որ Քոչարյանն ավազակապետության, մոնղոլ-թաթարական ռեժիմի հիմնադիրն է, Գագիկ Ծառուկյանն էլ՝ նրա իշխանության օրոք հարստացած այն օլիգարխը, որին, մյուս օլիգարխների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանը սպառնում էր «բոմժ սարքել»:
Քոչարյանին ու Ծառուկյանին հիմա Լ. Զուրաբյանը ներկայացնում է՝ որպես «ռեժիմի զոհեր», և նրանց մասին խոսում է թաքնված գորովանքով: Ավելին, Լ.Զուրաբյանը, այսինքն` նաև Տեր-Պետրոսյանը ցանկանում է «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցությամբ «դեմոկրատական կարգերով ապահովագրված» երկիր կառուցել, որտեղ երաշխավորված կլինեն Քոչարյանի ու Ծառուկյանի սեփականությունը: Կրկնում ենք, խոսքն այն սեփականության մասին է, որը Լ. Զուրաբյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը տարիներ շարունակ որակում էին՝ որպես «ժողովրդի հարստահարմամբ», «երկրի թալանի արդյունքում դիզված» կարողություն:
Փաստորեն, Լ. Զուրաբյանը ստանձնելով Քոչարյանի ու Ծառուկյանի պահապանի դերը և ընդունելով Ռոբերտ Քոչարյանի` «տնտեսական և ֆինանսական կարողություններ» ունենալու իրավունքը, լեգիտիմացնում է «ավազակապետության թալանի արդյունքում» ՀՀ երկրորդ նախագահի` հսկայական կարողություններ ունենալու կարգավիճակը: Բացի այդ, այս հայտարարություններով Լ. Զուրաբյանն առաջին անգամ Քոչարյանին ու Ծառուկյանին ներկայացնում է նույն հարթության մեջ:
Այն դեպքում, երբ «քաղաքագիտական վերլուծությունից» հետո ՀԱԿ-ի առանցքային գործիչները հայտարարում էին, որ Քոչարյանը կապ չունի ԲՀԿ-ի ու Ծառուկյանի հետ: Այսինքն` ՀԱԿ-ը նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ բացում է խաղաքարտերը` այլևս չբարդույթավորվելով Քոչարյանի հետ ուղղակիորեն ասոցիացվելու խարանից:
Լևոն Զուրաբյանի անձը տվյալ դեպքում նշանակություն չունի: Ակնհայտ է, որ Լ. Զուրաբյանը գործում է Լևոն Տեր-Պետրոսյանի անունից: Այսինքն` նրա այս հայտարարությունները կարելի է ուղղակիորեն ընդունել՝ որպես Տեր-Պետրոսյանի առաջարկը` ուղղված Ռոբերտ Քոչարյանին ու Գագիկ Ծառուկյանին: Առաջարկի իմաստը հետևյալն է. Ս. Սարգսյանը ձեզանից խլելու է ձեր ունեցվածքը, իսկ մենք պատրաստ ենք երաշխավորել դրա պահպանումն ու անվտանգությունը: Բնականաբար, ոչ առանց որոշակի փոխհատուցման:
Այս ամենը կլիներ ծիծաղելի, եթե այսքան ողբերգական չլիներ: Փաստորեն, 10 զոհերը, 150-ից ավելի քաղբանտարկյալները, հասարակության վատնված հավատը ծառայեցվեցին… Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի սեփականության պաշտպանությանը: Սա, թերևս, ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վրեժն է հայ ժողովրդից:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի