
«Օսկանյանը թող համեմատի իր արտգործնախարար եղած տարիների հետ»

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել էր Հայաստանի արտաքին քաղաքականությանը: ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում` խոսելով Օսկանյանի հիշյալ գրառման մասին, ասաց, թե ինքը համամիտ չէ այդ գրառման բովանդակության հետ ու Վ. Օսկանյանի թվարկած հարցերում խնդիրներ չի տեսնում:
«Պարոն Օսկանյանն ինքն էլ գիտի, որ դիվանագիտությունն անընդհատ գործընթաց է: Հայաստանյան դիվանագիտությունը մեծ աճ է գրանցել: Պարոն Օսկանյանը կարող է համեմատել իր ղեկավարած տարիների հետ ու էական դրական տարբերությունն ակնհայտ կտեսնի: Ամեն ինչ համեմատությունների մեջ պետք է նայել, և կասեմ, թող համեմատի իր արտգործնախարար եղած տարիների հետ»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը մասնավորապես անդադարձել էր տարածաշրջանային վերջին զարգացումներին և Հայաստանի դիվանագիտությանը:
«Ինձ համար անհասկանալի է մեր դիվանագիտության անտարբերությունը, նախաձեռնողականության բացակայությունը, նույնիսկ կասեի՝ անգործությունը Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Արտգործնախարարի այցերի աշխարհագրությունը հակադարձ համեմատատական է դարձել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը»,- գրել էր նախկին արտգործնախարարը: