«Ես այնքան եմ հոգնել այս անկախ կոչված պետությունից» (տեսանյութ)
Ասում է 3 երեխաների հայր Աշոտ Ավետիսյանը
5 տարեկան Սրբուհին ճմրթված թղթի վրա նկարելով` ինչ-որ մանկական երգ է երգում: «Անկյանք» ձայնի ելևէջներն աստիճանաբար նվաղում են, երբ երգելուն զուգահեռ` հոր՝ ավելի բարձր հնչող գանգատներն է լսում: Հայրը կյանքից նույնքան դժգոհ է, որքան ինքը` նկարելուն անհարմար ճմրթված թղթից, որից ինչքան էլ փորձում է փոքրիկ մատներով հարթ մակերես ստանալ, միևնույն է` գունդուկծիկ թղթի համառությունը նյարդայնացնում է Սրբուհուն, ով, ամեն դեպքում, իր ուզած պատկերը չստանալուց հիասթափված` դադարում է նկարել:
Հետո Սրբուհին սկսում է մատների մասին մի երգ երգել, որի բովանդակությունը մոտավորապես մատների միմյանց որպիսության հարցի ու պատասխանի մասին է: Ամեն քառյակի հետ` «լավ եմ» ասող աղջիկը նայում է հոր աչքերին, ով անդադար խնդիրներից է խոսում: Հետո չորս տարեկան Ալեքսանդրն է նայում հոր աչքերի մեջ, որից հետո շատ ուշադիր հոր աչքերի մեջ նայում է հինգ տարեկան Բուրաստանը:
Երեք մանկահասակ երեխաները խիստ զարմացած լսում են հորը, ով պատմում է, որ ներկայիս իրենց «տունն» իրենց նախկին ավտոտնակն է, ու երեխաները խոսակցությանը հետևում են այնքան ուշադիր, որ թվում է` կյանքում առաջին անգամ իմացել են, որ իրենք ապրում են ավտոտնակում:
Սպիտակ քաղաքի բնակիչ Աշոտ Ավետիսյանը 1988թ., հայրական տունը կորցնելով, աղետից հետո ընտանիքի հետ տեղավորվել է երկրաշարժից փրկված իրենց ավտոտնակում: Մի քանի մետրանոց այդ նկուղային խցում նույնիսկ արևի շող չի հայտնվում: Խոնավ ու թաց պատերի վրա կանաչ բորբոս է տարածվել: Երեխաների տատիկը` տիկին Ժենյան, թոռնիկների մասին խոսելիս` այնպես է հուզվում, որ չի կարողանում խոսել:
Ասում է. «Շատ եմ վախենում երեխեքիս համար, սա հիվանդության բուն ա, ձմռանը ցրտահարվում ենք` պատերը՝ թաց-թաց, իսկ ամռանը նույնիսկ տունը չի տաքանում, որ մի քիչ օդը չորանա»։ Տիկին Ժենյան կյանքից այնքան է հոգնել, որ այլևս չի ուզում սկսել այն նոր օրը, որը սկսելու համար ինքը նախ` հարկադրված է թոռնիկների համար նորից խանութներից պարտքով հաց վերցնել, հետո նորից սպասել աղքատության նպաստին, որ պարտքի ցուցակը մարի, ու հետո նորից օրը սկսել խանութներից պարտքով հաց վերցնելուց…
Երեխաների հայրը` Աշոտը, ասում է, որ տունը կորցնելուց հետո «դոմիկում» են ապրել, որը, սակայն, շատ չանցած փլվել է: Այնուհետև, երկրաշարժից պաշտպանված անծածկ ավտոտնակի վրա պայմանական տանիք կապելուց հետո, արդեն երկար տարիներ այնտեղ են բնակվում: Աշոտն արդեն մի քանի անգամ դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին ու Քաղաքաշինության նախարարությանը` խնդրելով աջակցել տան հարցում, սակայն Քաղաքաշինության նախարարությունը նամակը վերահասցեագրում է Լոռու մարզի մարզպետարան, մարզպետարանը` Սպիտակի քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանն էլ…
«Ի պատասխան` ասում են՝ մինչև պետական սեկտորին բնակարանով չապահովենք` չենք կարող ապահովել սեփականատերերին: Անցյալ տարի հայրս մահացավ, նույնիսկ դագաղը դնելու տեղ չունեինք: Մարդիկ չգիտեին` գա՞լ հոգեհանգստի, թե՞ ոչ: Տեղ չունեինք… Ավտոտնակի երեք պատերը հողի մեջ են, որոնք, խոնավությունը ներքաշելով, լրիվ թաց են դառնում»,- ասում է Աշոտը, ով սրտանոթային, ինչպես նաև` ռևմատիկ հիվանդություններ ունի, որոնց առկայության դեպքում մասնագետները հակացուցված են համարում նման կենցաղային պայմաններում բնակվելը:
2-րդ կարգի հաշմանդամության համար Աշոտը ստանում է 15.000 դրամ թոշակ, բայց այնպես է ստացվել, որ հարակից տարածքի բոլոր դեղատներին պարտք են: Թոշակն անգամ իր ամենօրյա դեղորայքին չի բավականացնում: 6 անձից բաղկացած ընտանիքը գոյատևում է 35.000 դրամ աղքատության նպաստով, Աշոտի հաշմանդամության և տիկին Ժենյայի թոշակներով: «Ես էնքան հոգնած եմ մեր էս անկախ հանրապետությունից, որ ինքն իր սեփական ժողովրդի դեմ ցեղասպանություն ա իրականացնում, որ հնարավորություն լիներ` առանց վայրկյան անգամ մտածելու՝ կհեռանայի էստեղից: Ոչ մի խնամք, ոչ մի ուշադրություն սեփական քաղաքացու նկատմամբ: Ես մուրացկան չեմ, ոչ ոքից ոչ մի ակնկալիք չունեմ: Ես էս պետությունից մի բան եմ ուզում` աշխատանք, ուրիշ ոչինչ»,- բարկացած ասում է Աշոտը` հավելելով, որ իր երեք երեխաները ՀՀ քաղաքացիներ են, բայց Հայաստանի Հանրապետության իշխանությունները «թքած» ունեն այս երկրի նոր սերնդի վրա:
«Մենք ՀՀ քաղաքացիներ ենք թղթի վրա: Ես ոչ կարողանում եմ վարկ վերցնել` ապրելու համար, ոչ կարողանում եմ աշխատանք ձեռք բերել, և Դուք ուզում եք, որ ես հպարտանամ իմ հայ լինելո՞վ»,- ասում է նա: Երեք երեխաների հայրը նախկինում աշխատել է Սպիտակի Սոցիալական ծառայությունում, սակայն, ըստ նրա` իրեն աշխատանքից ազատել են` առանց պատճառաբանության: Ասում է, որ Սոցծառայության ամեն նոր պետի հետ փոխվում է նաև աշխատողների թիմը, և մարդուն առանց հիմնավորման աշխատանքից ազատելն օրինաչափ երևույթ է` նոր ղեկավարներ ունենալու դեպքում:
«Սպիտակում համատարած գործազրկություն ա: Սեփականատերերն էլ իրենց ծանոթ-բարեկամներին են աշխատանք տալիս: Մարդիկ կա՛մ փախնում են Ռուսաստան, կա՛մ սովամահ են լինում: Պատկերացրեք, որ ներկա դրությամբ ապառիկով բջջային հեռախոսներ եմ վերցրել, վաճառել եմ, որ խանութների հացի պարտքերը փակենք, հաց առնենք: Անձնագրով վերցնում ու, ասենք, 10.000 դրամանոց հեռախոսը մի 8000-ով վաճառում եմ, որ հացի փող լինի»,- ասում է Աշոտը, ում արդեն նամակով զգուշացրել են, որ 10 օրվա ընթացքում ամսական գումարը չմուծելու դեպքում` գործն ուղարկելու են դատարան, այնուհետև գույքի բռնագանձում են իրականացնելու:
3 երեխաների հայրն ասում է. «Այլևս անհնար է այսպես ապրել»: Մարդն իր անչափահաս երեխաներին պահելու համար ընդամենը աշխատանք է խնդրում: Մեկ էլ խնդրում է` տուն տալ աղետի գոտու այն բնակիչներին, ովքեր Ռուսաստանից չեն գալիս նոր բնակարանները ստանում, դրսից փակում ու կրկին հեռանում այլ երկիր: Ասում է. «Թող տուն տան էն մարդկանց, ովքեր չեն լքել Սպիտակը, այլ կյանքի գնով, մեծ դժվարություններով ապրում ու երեխաներ են մեծացնում»:
Նյութը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Տեսանյութի և հրապարակման բովանդակությունը հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: