«Արդեն վերջ. այդ հավատը վերջացավ, էլ չենք կարող հավատալ, որ նախարարը կարող է ինչ-որ լավ բան անել»
Էկոլոգիական հասարակական դաշինքն արձագանք չի ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Էկոլոգիական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» հ/կ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին 48 հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել, որով պահանջում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականը:
Ըստ Սիլվա Ադամյանի՝ Բնապահպանության նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքել հրաժարականի պահանջին. «Միայն քննադատականներ են հնչում դաշինքի անվան հետ կապված, որ ինչո՞ւ են նման բան արել, ի՞նչ իրավունք ունեն: Ուզում են ասել, որ այդ 48-ը մեզ չեն միացել, իմիտացիա ենք արել, բայց մենք ուզում ենք ապացուցել, որ դա իմիտացիա չի: Բացի նրանից, որ այդ 48-ն են միացել, քաղաքացիական հասարակությունը նույն կարծիքին է, ինչ որ մենք են: Մենք հիմա դա ապացուցելու ենք: Անպայման: Որպեսզի մարդիկ հասկանան, որ կեղտ թափելով հ/կ-ների վրա, նրանց հայտարարության վրա, հնարավոր չէ իրականությունից փախչել»:
Սիլվա Ադամյանի տեղեկացմամբ`իրենք պահանջում են, որպեսզի նախարարությունը նորմալ աշխատանքային ձևաչափ ունենա, նախարարը լինի այնպիսի մարդ, որը շահագրգիռ կլինի բնության շահերը պաշտպանելուն, այլ ոչ թե մտածի միայն բիզնեսի մասին: «Քանի տարի է` մենք փորձում ենք մեր նամակներով, մեր հանդիպումներով աշխատացնել նախարարին, իրեն, ինչպես մեզ խորհուրդ էին տալիս տարբեր կառույցներ, աշխատանքի մեջ ներգրավել, փորձել ճիշտ ուղու վրա դնել: Բայց ինչ արեցինք` չստացվեց: Սա մեր համբերության բաժակի վերջին կաթիլն էր այս Խոսրովի այլանդակությունը, այա խայտառակությունը»,- ասաց Էկոլոգիական դաշինքի համակարգողը:
«Աշխատանքային պրոցեսի ժամանակ, երբ մենք փորձում էինք դաշինքի հետ հասկանալ` ոնց պետք է նամակը կազմեն, մեզ արդեն զանգեցին նախարարությունից և ասացին, որ՝ մենք ամեն ինչ կանենք, ձեր պահանջները կկատարենք, միայն այդ հրաժարականի պահանջը բաց չթողնենք: Չեմ կարող հրապարակել այդ մարդու անունը, բայց նման միջադեպ եղել է: Մենք չենք կարող հավատալ այսքան բանից հետո: Մենք տարիներ շարունակ աշխատել ենք, գրել ենք նամակ, հավաքվել ենք, խորհուրդներում ենք ներգրավված եղել: Արդեն վերջ. այդ հավատը վերջացավ, էլ չենք կարող հավատալ, որ նախարարը կարող ա ինչ-որ լավ բան անել»,- ասում է Սիլվա Ադամյանը:
Վերջինիս հաղորդմամբ` ինքը ստացել է բոլոր կազմակերպությունների համաձայնությունը և շուտով կհրապարակի դրանց անունները:
Նա նաև հավելեց, թե իրենք հավանաբար կպատրաստեն մի ուրիշ նամակ. «Բայց դա կլինի ավելի լուրջ հայտարարություն, ու կփորձենք դրան միացնել, չենք կարող հստակ ասել, նաև քաղաքացիական նախաձեռնություններին: Կարծում եմ՝ նամակը շատ ավելի ընդարձակ կլինի, և դրան արդեն նրանք չեն կարող չպատասխանել»:
Սիլվա Ադամյանի հաղորդմամբ՝ նամակում մասնավորապես կնշվի այն մասին, որ նախարարությունն անընդհատ քննադատում է Էկոլոգիական հասարակական դաշինքի հայտարարությունները:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի