Բաժիններ՝

«Գեներա՛լ Մանվել, ում որ ծեծում էիր, հերոս ես սարքել, իսկ ինձ՝ մոռացել»

Գյումրեցի ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը  4 տարի շարունակ արցախյան ինքնապաշտպանական մարտերի մասնակից է եղել, որպես կամավոր մեկնել է Արցախ և կռվել «Գյումրի» գումարտակում: Ազատամարտիկին հիմա մեղադրում են փաստաթղթեր կեղծելու եւ կեղծ փաստաթղթերով զինվորական թոշակ ստանալու համար:

«Հիմա ինձ ուզում են բանտ ճանապարհել, 2 տարի է  դատական գործընթացը շարունակվում է: Մինչեւ 2 տարի առաջ ես ազգի հերոս էի, հետո դարձա թշնամի, իսկ դրանից առաջ ինձ գիտե՞ս ինչ շքանշաններ ու պատվոգրեր են տվել համ Սերժ Սարգսյանը, համ Ռոբերտ Քոչարյանը, համ էլ գեներալ Մանվելը»,- ասել է ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը:

Դատարանում հիմա վիճարկվում է ոչ թե այն հարցը, որ Հովհաննես Բաղդասարյանը ազատամարտիկ է, այլ այն, թե նա արդյո՞ք վիրավորվել և կոնտուզիա է ստացել մարտի դաշտում, թե՞ դրանից հետո:

«4 տարի կռվել եմ ամենաթեժ մարտերում, ինչ ասես տեսել եմ, ասում եմ` սաղ փաստաթղթերը կա, որ ես կոնտուզիա ունեմ, ինձ ասում են` արդյո՞ք կոնտուզիան պատերազմի ժամանակ ես ստացել: Այ մարդ, ես ինքս իմ կամքով ամեն ինչ թողել եմ, կյանքս դրել եմ էս երկրի համար, որ հիմա խաղաղ ապրեն, ես որ գնացի` մտածում էի, որ կարող է և հետ չգամ, բայց գնացի, որ խաղաղություն լինի, ու հիմա ինձ դատում են»,- դժգոհում է ազատամարտիկը:

Նրա խոսքերով` ինքը կռվել է ամենաթեժ մարտերում 1993-1998 թթ-ին եւ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ միասին. «Ես դիմում եմ Մանվելին, ասում եմ, ա՛յ գեներալ, էն ժամանակ  ում որ բանի տեղ չէիր դնում, ում որ ծեծի էիր ենթարկում սաղ օրը, հիմա հերոս են սարքել, քո կողքին են, իսկ ինձ այսօր մենակ եք թողել»:

Ազատամարտիկը նաև ՀՀԿ կուսակցության անդամ է: Ասում է մի քանի անգամ նամակներ է հասցեագրել ՀՀԿ կուսակցության և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, բայց  բոլոր նամակները մնացել են անպատասխան:

«2 տարի դատը ձգվում է, երկու տարի շարունակ գրել եմ ու ոչ մի պատասխան չեմ ստացել: Ուզում եմ դիմել Սերժ Սարգսյանին` պարոն նախագահ ես ՀՀԿ-ից եմ, ձեր վստահված անձն եմ եղել 34 ԸԸՀ-ում, գիտե՞ք ձեր համար ինչքան եմ աշխատել, ինչ ձայներ եմ ապահովել, իսկ հիմա ինձ սաղդ թողնում եք մենակ: Աթոյան Ժորան ազատամարտիկ էր, նրա գլուխը կերան իրանց դատ ու դատաստանով, հերթը իմն է: Էդ խեղճ մարդը սաղ ու կենդանի էր, էնքան հյուծվեց, դատարանում ասում էին` սիմուլյանտություն է անում, մահացավ, հիմա ի՞նձ…

15 օր պահեցին, լավ չեմ, բայց դուրս գրեցին հիվանդանոցից: Ես տեղեկություն ունեմ, որ ավագ քննիչ Բուլղադարյանը զանգահարել է հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանին ու հրահանգել է ինձ դուս գրել, որովհետև իրենց ձեռք չի տա, ուզում են դատը արագ վերջացնել: Հիմա ոչ էպիկրիզ են տալիս, ոչ փաստաթուղթ, որ ես վերջին 15 օրը հոգեբուժարանում եմ եղել»,- պատմել է ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը: Նրա խոսքով` հիմա զրկված է նաև թոշակից, նպաստից և անվճար դեղեր ստանալու իրավունքից:

«Ես դեղով եմ ապրում, 1000 դրամից պակաս դեղ չկա, փաստաթղթերն էլ ունեմ, բայց չեն տալիս, ես գումար չունեմ, այսպես եթե շարունակվի, ես չգիտեմ`ինչ կլինի»:

Ազատամարտիկը նաև տնակում է ապրում և բնակարանի հերթացուցակից ևս նրան հեռացրել են: «Ես հասկացա, որ ազատամարտիկ լինելը այս երկրում ոչ թե հերոսություն է, այլ պատիժ: Անիծում եմ այն օրը, երբ թողեցի տունս, երեխեքիս, կնոջս ու գնացի կռվի: Հիմա ինձ չեն պատժում, այլ սովամահ են անում, անվճար: Մի՞թե այս երկիրը չունի ղեկավար, մի՞թե բոլորը կույր ու խուլ են: Ի՞նչ անեմ, ինձ հրկիզե՞մ այս հրապարակում»,- ասել է երկրորդ կարգի հաշմանդամ, ազատամարտիկ դժգոհում է Հովհաննես Բաղդասարյանը:

ԳԱԼԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս