Վարդան Ղուկասյանը պատիվ է պահանջելու
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որով սպառնում է Ղուկասյանի անվան շուրջ զրպարտությունների համար պատիվ պահանջել: Ղուկասյանի մամլո գրասենյակը նախ հերքել է Գյումրու քաղաքապետարանին պատկանող «Չայկա» մակնիշի ավտոմեքենայի անհետացմանն առնչվող լուրերը` հայտարարելով.
«Հարկադրված ենք պարզաբանելու, որ 1959 թվականին արտադրված «Չայկա» մակնիշի ավտոմեքենան դեռևս 1999 թվականին, երբ քաղաքի ղեկավարումը ստանձնեց Վարդան Ղուկասյանը, գրանցված էլ չէր որպես համայնքապատկան գույք: Մինչդեռ մեքենայի անձնագիրը վաճառված էր Գյումու քաղաքապետարանում այսօր վերստին աթոռ զբաղեցրած անձի կողմից:
Մեքենան, իսկ ավելի ճիշտ է ասել, երկաթե այդ ջարդոնը 2 անգամ դրվել է աճուրդի, սակայն դրանք չեն կայացել: Այնպես, որ Գևորգ Ղուկասյանի կողմից, օրենքով սահմանված կարգով և ավագանու որոշման համաձայն, իրականացվել են ջարդոնի ձեռքբերման նախնական մուծումներ, իսկ առք ու վաճառք չի կայացել: Մինչև ավտոմքենայի հետագա ճակատագրի որոշումը, այն պահվել է անհատ անձի ավտոտնակում, որը չէր կարող կապարակնքված լինել:
Ուստի, «թռցնել», «գողանալ» բառերը հետաքրքրություն հարուցելու և «գրավչության» համար են օգտագործվում: Այնպես, ինչպես օրեր առաջ գրվեց, որ քաղաքապետարանից մոտ 150.000 դոլարին համարժեք գույք է տարվել: Հետաքրքիր է , ինչու չշարունակվեցին այդ լուրի քննարկում-հետաքննումը: Պարզից էլ պարզ էր, որ դա հերթական ստերի շարքից էր: Այդ զրպարտությունների համար պատիվ ենք պահանջելու:
Զարմանալի է այն աղմուկը, որը բարձրացվել է քաղաքի ղեկը վերցրած անձանց կողմից` ընդամենը 100.000 դրամ գնահատված ջարդոնի շուրջ: Դրա արժեքի 0.000001%-ն էլ չի կազմում Գյումրու գարեջրի գործարանի մեկ դատարկ տակառն անգամ:
Այդ գործարանը Գյումրու ավագանու որոշմամբ և քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հաստատմամբ ընդամենը 400.000 դրամով է հատկացվել այսօրվա սեփականատիրոջը:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որևէ կապ և առնչություն չունի Գյումրու ներքաղաքային տրանսպորտային միջոցների աշխատանքի կամ կազմակերպվող ինչ-որ գործադուլների հետ: Իսկ եթե կան դրանց պատճառները, ապա հարցերը պետք է ուղղել նոր պայմաններ թելադրողներին»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ոստիկանության հաղորդմամբ, հոկտեմբերի 19-ին, ժամը 17:35-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալից գրություն է ստացվել, որ համայնքին պատկանող «ԳԱԶ-13» ավտոմեքենան, որը գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում, նախկին «Բնակտնտեսություն» ընկերության ավտոտնակում, հոկտեմբերի 19-ին, ժամը 09:10-ին, Գյումրիի քաղաքապետարանի կողմից կնքվել և ի պահ է հանձնվել նշված ընկերության պահակին մինչև հետագա տնօրինման հարցի լուծումը, սակայն նույն օրը, ժամը 15.00-ին, պարզվել է, որ առանց համապատասխան թույլտվության պոկվել է ավտոտնակի կաղապարակնիքը, և ավտոմեքենան փախցրել են:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի երկրորդ մասի (գողություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: