Սադոյանը, Օսկանյանն ու մորմոնները
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Ազգային ժողովրդավարական դաշինք կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը, խոսելով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթասի» գործի և Հանթսմանների կողմից Օսկանյանի փոխանցված 2 մլն դոլլարի մասին, պատմեց այն մասին, թե երբ 1996թ. ՀՀ պառլամենտի ներկայացուցիչներին ԱՄՆ-ից հրավիրել էին իրենց քաղաքական դաշտին ծանոթանալու, և ինքը պատվիրակության կազմում նույնպես մեկնել էր Սան Ֆրանցիսկո, հայ պատգամավորներին հրավիրեցին այցելելումորմոնների եկեղեցի:
«Եկեղեցում մեզ ընդունեցին և այլն, վերջում էլ ինձ և բոլորին նվիրեցին մորմոնների գիրքը…Երբ ես եկա Հայաստան, և փորձում էի իմ շրջապատում ներկայացնել` ովքե՞ր են մորմոնները, ինձ ասացին. «Ըհը´, պարոն Սադոյանին մորմոնները «վերբովկա» են արել, էս էլ են գիրքը, որ տվել են»:
Ընդամենը եղել եմ այնտեղ, ինձ գիրք են տվել, այդ գիրքը ես փորձում եմ ներկայացնել, արդեն իսկ կասկածներ է առաջացնում: Հիմա պատկերացրեք հարցի մյուս կողմը. ես դեռ չեմ տեսել թեկուզ մի միլիարդատեր, որը որևիցէ, այսպես ասած, 100 հազար գումարի վրա չմտածի, էլ չեմ ասում միլիոնների մասին: Ձեր կարծիքով, ովքեր փող են տալիս, նրանք երաժշտություն պատվիրո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե 2 մլն գումար է տրամադրված, ապա ինչի՞ համար, գեղեցիկ աչքերի՞:
Իհարկե, կարող է հարց ծագել, լրիվ օրինակա՞ն էր, թե՞ ոչ: Կարծում եմ` նույնիսկ օրինականության տեսակետից էլ պրոբլեմներ կան: Եվ ես ցավում եմ, որ որևէ մեկը չի փորձում ուղղակի հարցը դնել. «Հարգելի պարոն Օսկանյան, քեզ ինչի՞ համար են տվել այդ գումարները»:
Եվ եթե այս խնդիրը չեք դնում, ապա ինչի՞ մասին եք խոսում: Հիմա պրոբլեմներ կան, խնդրում եմ` ուսումնասիրե´ք, և այդպես հեշտ ու հանգիստ մի նայեք` քաղաքական դաշտում մի թեկնածուին հանում են… իհարկե, դա էլ կա, բայց անողներն արդյո՞ք իրենք էլ նույնպիսի ճանապարհներից չեն օգտվել: Բայց դա ուրիշ հարց է»: