ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանում

Օրեր առաջ ԱԱԾ-ն, ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունը Գյումրու քաղաքապետարանից պահանջել են 2005-2011թթ.արխիվային փաստաթղթեր, որոնք ուսումնասիրվելու են մի քանի օր առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում:

ԳԱԼԱ-ի թղթակիցը Գյումրու փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանից այսօր փորձել է ճշտել, թե ի՞նչ քրեական գործի շրջանակներում են ուսումնասիրվելու այդ փաստաթղթերը և ինչ նպատակով: Նա նշել է, որ արխիվային փաստաթղթերը համապատասխան մարմինների կողմից պահանջվել են 2-3 օր առաջ, բայց թե դրանք ո՞ր քրեական գործին են առնչվում` քաղաքապետարանում տեղյակ չեն:

«Այն քրեական գործ է և ոչ քաղաքացիական, ուստի վարույթ իրականացնող ցանկացած մարմին իրավունք ունի պահանջել ու ստանալ այդ փաստաթղթերը, դրանք դեռևս չեն հանձնվել համապատասխան մարմիններին, այնքան շատ են, որ դեռ հավաքում ենք, որ բոլորը միասին հանձնենք: Մեզ գրություն եկել է դատախազությունից»,- ասել է Գուրգեն Մալխասյանը:

Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանն էլ ասել է, թե քննչական մարմինն է զբաղվում այդ գործով` հավելելով, թե նյութեր են նախապատրաստվում:

Շիրակի մարզի քննչականի բաժնի պետ Արմեն Երիցյանը galatv.am-ին փոխանցել է հետևյալը. քանի որ Գյումրու քաղաքապետարանին պատկանող ԳԱԶ 13 «Չայկա» մակնիշի ավտոմեքենայի անհետացման փաստով քննչականում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (գողություն), ուստի արխիվային փաստաթղթերը պահանջվել են, որպեսզի ուսումնասիրվեն:

Իսկ մի՞թե 2005-2011 թվականների արխիվային փաստաթղթերը միայն այդ նպատակով են պահանջվել, և այլ ուսումնասիրություններ ևս քննչական մարմինը չի իրականացնելո՞ւ` հարցին, քննչականի պետը պատասխանել է. «Մենք ուղղակի ուսումանսիրելու ենք, թե այդ մեքենան ո՞ր թվականին է աճուրդի հանվել, ի՞նչ գնով, ո՞վ է գնել և այդքանը միայն, այլ բան ասել չեմ կարող: Քրեական գործի գաղտնիքը չեմ կարող հրապարակել»:

Տեսանյութեր

Լրահոս