Միասին շարժված բարոյականություն

Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական շարժիչ ուժերից մեկն իմիտացիան է` բառի ուղղակի և անուղղակի իմաստով: Իմիտացիայով զբաղվում են գրեթե բոլորը` իշխանությունները, ընդդիմությունը, իրենց ընդդիմություն համարողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Դժբախտաբար, քաղաքական ուժերի իմիտացիային հաճախ մեծապես նպաստում է նաև մամուլը` կամա թե ակամա տուրք տալով այն էժանագին հնարքներին, որոնք կուսակցությունները կիրառում են իրենց այս կամ այն կերպ ներկայացնելիս:

Դրա ամենաթարմ օրինակն Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցությունում տեղի ունեցածն էր, որի վերջին ակորդը դրվեց երեկ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այլևս չի ներկայացնում «Ժառանգություն» խմբակցությունը: Վերջինս էլ հայտարարեց, թե ինքն ու խմբակցության մեկ այլ անդամ` Ալեքսանդր Արզումանյանն, այլևս ներկայացնում են միայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունըգ մնալով «Ժառանգություն» խմբակցությունում:

Այս պատմության մեջ իմիտացիաներն այնքան շատ են, որ դժվար է գլխավորը տարբերել երկրորդականից: Բայց ամենակարևոր իմիտացիան, որին տուրք է տալիս նաև մամուլը, այն է, որ այս գործընթացը ներկայացվում է` որպես «դաշինքի փլուզում»: Լրահոսի վերնագրերի մեծ մասը հենց այդպիսին է. «փլուզվեց «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքը», «Դաշինքը պառակտվեց», «Ապահարզան «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքում», և այլն, և այդպես շարունակ: Այսինքն` անգամ տեղեկատվական մակարդակում դեռևս շարունակվում է այն իմիտացիան, որ սկսվել էր դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ:

Ամբողջ խնդիրն այն է, որ «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն իրականում դաշինք չեն կազմել: «Դաշինքը» ՀՀ ընտրական օրենսգրքով կարգավորվող կատեգորիա է և ենթադրում է առնվազն երկու կուսակցությունների կողմից նախընտրական դաշինք կազմավորելու գործընթաց: Դաշինքի հետ կապված ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ Դաշինքների համար խորհրդարանական ընտրություններում անցողիկ նվազագույն շեմ է համարվում 7 տոկոսը:

Ի տարբերություն կուսակցությունների, որոնք խորհրդարանում կարող են հայտնվել 5 տոկոսի արգելքը հաղթահարելու դեպքում: «Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատները», սակայն, դաշինք չեն կազմել: «Ազատ դեմոկրատների» անդամներն ընդամենն ընդգրկվել են «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում: Այս փաստը հետևողականորեն լղոզվել ու շարունակում է լղոզվել թե «Ժառանգության», թե, առավել ևս, «Ազատ դեմոկրատների» կողմից, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի իմիտացիայի իր դրդապատճառը:

Բայց ամենազարմանալին այն է, որ մամուլի միջոցների մեծամասնությունը ևս այդպես է վարվում` կատարվածը ներկայացնելով` որպես «դաշինքի» փլուզում, այն դեպքում, երբ իրականում ընդամենը «Ժառանգություն» խմբակցությունը դե ֆակտո հեռացրել է իր անդամներից մեկին` Խաչատուր Քոքոբելյանին, վերջինս էլ հայտարարել է, որ մնում է այդ խմբակցությունում` չներկայացնելով այդ խմբակցությունը:

Հետաքրքիր է, եթե երբևէ Գալուստ Սահակյանը հայտարարի, որ, ասենք, Հայկ Բաբուխանյանը կամ Արտաշես Գեղամյանն այլևս չեն ներկայացնում ՀՀԿ-ն, կամ ենթադրենք, ինչ-ինչ հանգամաքներում ԲՀԿ խմբակցությունը որոշի, որ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն այլևս ԲՀԿ-ի անունից հանդես գալու իրավունք չունի, դրանք ևս ներկայացվելու են որպես «դաշինքի փլուզո՞ւմ»:

Ի դեպ, ժամանակին նույն «Ազատ դեմոկրատների» հարգարժան անդամ Ալեքսանդր Արզումանյանն էր Արսենյանի կողմից ԲՀԿ-ի նախընտրական ցուցակ մտնելը հրապարակավ որակում` որպես այլ կուսակցության կողմից ՄԱԿ-ի կլանում: Երևույթը բոլոր դեպքերում էլ նույնն է` մի կուսակցության անդամը կամ անդամներն ընդգրկվել են մեկ այլ կուսակցության համամասնական ցուցակում` ԱԺ-ում հայտնվելու համար: Տարբերությունը մեկն է. Բաբուխանյանը կամ Արսենյանը չեն հայտարարում, թե իրենք ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի հետ դաշինք են կազմել:

Իսկ թե ինչու է և «Ազատ դեմոկրատներին», և «Ժառանգությանը» ձեռնտու իրենց թեկուզ չստացված միավորումը որպես «դաշինք» ներկայացնել, հասկանալի է: «Ազատ դեմոկրատները» չեն ցանկանում ընկալվել որպես մեկ այլ կուսակցության կողմից դե ֆակտո կլանված ուժ, չնայած ժամանակին ստորագրել են մի փաստաթղթի տակ, որում իրենց անձն ու բարոյականությունը ստորադասել են «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:

Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա նրա անդամները ևս գերադասում են չխոսել այն մասին, որ «Ազատ դեմոկրատների» հետ ոչ թե դաշինք են կազմել, այլ ընդամենն իրենց ցուցակ են մտցրել նրա ներկայացուցիչներին, քանի որ այդ համատեքստում նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումն ուղղակի անհասկանալի է դառնում:Այն պարզ պատճառով, որ խորհրդարանական ընտրություններում Ր. Հովհաննիսյանը խուսափեց դաշինք կազմել, քանի որ մտավախություն ուներ, որ չի հաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ նվազգույն 7 տոկոսը:

Առաջին հերթին ընտրողների մոտ կարող է հարց առաջանալ` ինչպե՞ս է մարդը հավակնում դառնալ «համազգային թեկնածու», եթե խուսափում էր ընդամենը 2 տոկոս կամ 30-40 հազար ձայներից:

«Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» այս պատմությունը շատ նման է նորակառույց շենքերում մեկից ավելի գնորդների վաճառված բնակարանների պատմությանը:Մի դեպքում` իշխանական օլիգարխներն են շենքեր կառուցել ու բնակարանները վաճառել մեկից ավելի «սեփականատերերի», մյուս դեպքում` իշխանությունն ընդդիմադիր «նախագծի» շրջանակներում հատկացրել է 5 մանդատ, որի սեփականատերերի թիվն ակնհայտորեն անցնում է 5-ից:

Տեսանյութեր

Լրահոս