«Հ1-ը՝ ուղեղների լվացման խայտառակ մեքենա». Լ. Զուրաբյան
Լևոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում` Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցության անունից, Հանրային հեռուստատեսության և ռադիոյի հաղորդման քննարկման ժամանակ.
«Նախ ասեմ, որ գնալով ինձ շատ դուր է գալիս աշխատանքը խորհրդարանում, որովհետև ոչ մի տեղ մենք դեռ չենք ունեցել հնարավորություն` այսքան մանրամասն բացահայտել պետական միջոցների մսխման և հարկատուների թալանի ավազակապետական սխեմաները, ինչքան որ դա հնարավոր է դառնում Ազգային Ժողովում: Այս առումով փայլուն դեր են խաղում տարբեր պետական մարմինների հաշվետվությունները, որոնց շնորհիվ բացահայտվում է, թե ինչ ծավալի թալանի հետ գործ ունենք:
Ուղղակի զարմանքի է արժանի այն հանգամանքը, որ հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահը, պարզվում է, չի կարողանում ներկայացնել իր կողմից ղեկավարվող համակարգի ֆինանսավորման հիմքերը Ազգային ժողովին: Նա չգիտի, թե տարեկան քանի ժամ են կազմել գովազդային և հովանավորչական հեռարձակումները, չգիտի, թե ո՞վքեր են մշտապես մրցույթում հաղթող և տասից ավելի տարի իր հենց ղեկավարած հիմնարկում ապաստանած Կայմ ընկերության սեփականատերերը, չգիտի թե ի՞նչ սկզբունքներով են բաշխվում հեռուստաընկերության և այդ առեղծվածային ֆիրմայի միջև գովազդով ստացված եկամուտները, չգիտի թե այդ գովազդից ստացած միջոցներից ինչքա՞նն է բաժին հասնում իր ղեկավարած հեռուստատեսությանն ու ռադիոյին, և ինչքա՞նը գնում է ինչ որ անհատ մասնավոր մարդկանց գրպանները:
Պատճառը հարգելի խորհդարան շատ պարզ է. Մենք գործը ունենք հրեշավոր մի ավազակապետական սխեմայի հետ, որի հետևնքով մեզանից, ժողովրդից, այսինքն հարկատուներիցս տարիներ շարունակ ուղղակի գողացվում են տասնյակ միլիոն դոլարներ:
Ներկայացնեմ ասածիս ապացույցները: Համաձայն Ասպարեզ հասարակական կազմակերպության մոնիթորինգի, 2011 թվականին գովազդային/հովանավորչական հեռարձակումները կազմել են 636 ժամ: Համաձայն նույն կազմակերպության, երբ տարբեր կազմակերպություններ փորձել են դիմել հհանրային հեռուստատեսությամբ գովադ պատվիրելու նպատակով, նրանցից գովազդի մեկ րոպեի համար պահանջել են 500 դոլար: Ինքը Ալեքսան Հարությունյան ընդունեց 120000-130000 դրամ թիվը, ինչը կազմում է 300 դոլար: Դա նշանակում է, որ միայն գովազդից/հովանավորչությունից ստացվող թիվը հավասար է 11.5 միլիոն դոլարից /եթե հաշվենք Ալեքսան հարությունյանի հրապարակայնորեն ընդունած թվերով/, մինչև 19 մլն դոլար, եթե հաշվենք իրական թվերով: Պաշտոնապես, Հանրայինը գովազդից և հովանավորչությունից ստացել է 930 միլիոն դրամ, այսինքն՝ 2 միլիոն 300 հազար դոլար ընդամենը: Պարզվում է, որ տարբեր հաշվակներով 9 միլիոնից մինչև 17 միլիոն դոլարի չափով գումար ստացվում է գովազդային շուկայից հանրային հեռուստատեսության և ռադիոյի համար, բայց դառնում է Կայմ գործակալության համար հասույթ:
Սա պարզապես թալան է: Տղերքը ստանում են բյուջեից 6 միլիոն դոլար, գովազդային շուկայից 19 միլիոն դոլար և այդ 25 միլիոն դոլարից ուղղակի խժռում 17 միլիոնը:
Այս հաշվետվությունը, այսպիսով, թույլ է տալիս եզրակացնել, որ հանրային հեռուստատեսություն դարձել է ընդամենը բյուջեն թալանելու և հանրային հեռուստատեսության քողի տակ պետալամ փողերով սեփական բիզնես աշխատեցնելու և գերշահույթներ ստանալու միջոց:
Բնականաբար այսպիսի լրատվամիջոցը միայն մեկ գործառույթ ունի. ամրապնդել այն ավազակապետության հիմքերը, որը մի քանի մարդու համար ֆանտաստիկ հնարավորություն է ստեղծում հարստանալու համար:
Նման լրատվամիջոց չի կաչող լինել ոչ իսկապես հանրային, ոչ անաչառ, ոչ էլ հավասր սկզբունքներով ներկայացնել երկրի քաղաքական դաշտը: Այդ է պատճառը, որ վերջին 6 ամսվա ընթացքում Ազգային Ժողովում պաշտոնապես ամենամեծ խմբակցություն ունեցող ընդդիմության`Հայ Ազգայի Կոնգրեսի որևէ ներկայացուցիչ հնարավորություն չի ունեցել ելույթ ունենալ Հանրային հեռուստատեսության եթերում:
Իսկ էժանագին սերիալների տիրապետությունը Հանրայինի եթերում ընդամենը ապացուցում է, որ Հանրային հեռուստատեսությունը դարձել է ուղեղների լվացման մի խայտառակ մեքենա, որի նպատակն է սպանել իր սահմանադրական իրավունքների և դեմոկրատական ազատությունների համար պայքարող քաղաքացուն և ե քաղաքացիական հասարակությանը:
Իսկ վերջում թույլ տվեք շնորհակալություն հայտնել խորհրդարանին այս լսումների և հանրային միջոցների յուրացման ևս մեկ հրեշավոր սխեմա բացահայտելու հնարավորության համար»:
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ