«Մարդիկ պետք է կատարեն իրենց խոստումը». Թևան Պողոսյան

«Ես չէի ուզենա, որ այդպիսի խմորումներ լինեին կուսակցությունների միջեւ, որովհետև մենք անընդհատ խոսում ենք, որ ընդդիմությունը համախմբվի, միասնական թեկնածու ունենա և, ընդհանրապես, որ ուժեղ լինի, իսկ այս դեպքում այդ փոքրիկ կուսակցությունների միջև անգամ ներքին խմորումները որևէ լավ բանի չեն կարող հանգեցնել»,- անդրադառնալով «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» շուրջ ստեղծված տարաձայնություններին, galatv.am– ի թղթակցին ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:

ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով էլ` յուրաքանչյուր դաշինք պետք է ունենա հստակ նպատակներ, եթե ոչ, ապա այն դատապարտված է կործանման: «Յուրաքանչյուր դաշինք, իսկապես, իր առջև պետք է ունենա կոնկրետ նպատակ, խնդիրներ և այդ խնդիրների լուծման կոնկրետ միջոցներ: Կարծում եմ, որ այս դաշինքը ունեցել է ժամանակին այդպիսի ձևակերպումներ, բայց հավանաբար, իրենք պետք է ասեն, թե ինչ է եղել իրականում»,- նշել է Արծվիկ Մինասյանը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն, խորհրդարան մտած Թևան Պողոսյանը` անդրադառնալով երկու կուսակցությունների միջև լարվածությանը, նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին չհավատալու խնդիր չունի: «Ես հասկանում եմ, որ եղել են պայմանավորվածություններ, և մարդիկ պետք է կատարեն իրենց խոստումը, ինչ էլ այդ պարտավորությունը ենթադրի: Երբևէ չեմ կասկածել Րաֆֆի Հովհաննիսյանի բարոյական պատկերին և իր ազնվությանը»,- ասել է Թևան Պողոսյանը:

Ավելի վաղ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում իրենք չեն սատարի Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Այս հարցի շուրջ, սակայն «Ժառանգության» ներկայացուցիչները ունեն տարբեր մեկնաբանություններ:

«Կուսակցությունները, ինձ թվում է, դա կորոշեն: Այս խնդիրը կուսակցությունների միջև չէ, այլ անձերի, և երկու կողմերում էլ կան ընկերներ, բարեկամներ, որոնք փորձել են միասին համատեղ ճանապարհ անցնել»,- ասել է Թևան Պողոսյանը:

Խաչատուր Քոքոբելյանի հիշյալ հայտարարությունը մեկնաբանել է նաև Ռուբեն Հակոբյանը: «Երբեք նախագահական ընտրությունների հետ կապված որևէ հակասություն, որևէ հարց չի եղել, ուղղակի ցավում եմ, որ պարոն Քոքոբելյանը ուզեցել է սա տեղափոխել այլ հարթություն: Այդ հարցում մենք ընդհանրապես խնդիր չենք ունեցել և ես չգիտեմ, թե ինչու է նա նման բան ասել, իրեն կարող եք հարցնել, որովհետև նման հարց ընդհանրապես չի եղել: Լավ կլինի, որ պարոն Քոքոբելյանը, ինչ-որ պատճառներ չփնտրի, այլ հասկանա, որ եթե մարդը պայմանավորվում է, ինքը պարտավոր է դա անել»,- նշել է Ռուբեն Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս