Երևանում ավելի քան 100 գիտնականներ կքննարկեն գլոբալ անվտանգության հարցում գիտության դերը
Վաղը` հոկտեմբերի 23-ին, ժամը 9:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Գլոբալ անվտանգության կոնտեքստում գիտության պատասխանատու կառավարումը. ինչպե՞ս բարձրացնել պատասխանատվության գիտակցումը» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպում է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գիտախորհրդատվական կոմիտեն: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն ավելի քան 100 գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կանադայից, Բելգիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից:
Ողջույնի խոսքով հանդես կգան Գիտախորհրդատվական կոմիտեի նախագահ Արակի Մասանորին (Ճապոնիա), ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործող տնօրեն Սերգեյ Որոբյովը:
Գիտաժողովի աշխատանքները կանցկացվեն հետևյալ ուղղություններով` «Գիտության պատասխանատվության առաջընթացը միջուկային սեկտորում», «Գիտության պատասխանատվության առաջընթացը կենսատեխնոլոգիական սեկտորում», զուգահեռ` դասախոսություններ ուսանողների համար: Գիտաժողովի շրջանակներում երիտասարդ գիտնականնների համար նախատեսված մրցույթի եզրափակիչ փուլի երեք մասնակիցները` Հովակիմ Զաքարյանը, Մարիամ Նացվիշվիլին և Եկատերինա Խմալաձեն կներկայացնեն իրենց գիտական աշխատանքները:
Նշենք, որ նրանցից մեկը կճանաչվի հաղթող և հնարավորություն կստանա մասնակցելու իր ընտրած միջազգային որեւէ գիտաժողովի: