Աշոտ Աղաբաբյանի ջայլամաբուծության հետքը գյուղում չի երևում. գյուղապետ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը խորհրդարանական ընտրություններից առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ պատգամավոր վերընտրվելուց հետո` ամենաուշը մայիսի վերջերին եւ հունիսի սկզբներին, իր ընտրատարածքում` Աշոցքի և Ամասիայի գյուղերում ջայլամաբուծություն է սկսելու:
Աշոտ Աղաբաբյանը հավաստիացրել էր, որ Հայաստանը առնվազն 10 տարվա ընթացքում դառնալու է էկոլոգիապես մաքուր միս արտահանող երկիր: Այսօր galatv.am-ի լրագրողը գյուղապետ Արտյոմ Ալոյանից հետաքրքրվել է, թե ինչ փուլում է գտնվում Աշոտ Աղաբաբյանի հիշյալ ծրագիրը:
«Ես լսել եմ, որ ինքը նման ծրագիր էր մշակել, այդ հայտարարությունը դրամատիկական թատրոնում էր արել, ես կոնկրետ այդտեղ չեմ եղել, ուրիշից եմ լսել, բայց այս պահին նման բիզնեսի հետք գյուղում չի երևում»,- ասել է գյուղապետը:
Արտյոմ Ալոյանի խոսքով` գյուղում սպասում են ջայլամաբուծության ծրագրի մեկնարկին: «Կարողա օգուտ տա, ի՞նչ գիտենք, մինչև այդ բիզնեսը չգործի, օգուտի մասին խոսել չենք կարող: Բացի այդ, կարծում եմ, որ ամեն ինչից էլ կարելի է օգուտ ստանալ, եթե փող դնես»,- ասել է Աշոցքի գյուղապետը:
Իսկ Աշոտ Աղաբաբյանի մամուլի խոսնակն ասել է, որ Աշոտ Աղաբաբյանի` ջայլամաբուծություն սկսելու բիզնեսի մասին լսել է, իսկ թե ինչ փուլում է գտնվում այն` չի կարող ասել: