«Վազգեն Խաչիկյանն անապահով ընտանիքում մեծացած չունևորի կարգավիճակում եղած, ու չունևորի վիճակի մեջ մտնող մարդ էր»

Սոցիալական ոլորտի չարաշահումների գործով մեղադրյալ,  Սոցիալական  ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի պաշտպանությունը ստանձնել է  փաստաբան Ժորա Վարոսյանը, ով նաև Խաչիկյանի հարազատ Լոռու մարզից է:

Ժորա Վարոսյանը Վազգեն Խաչիկյանին անհատապես ճանաչում է և galatv.am-ի հետ զրույցում Խաչիկյանին բնութագրել է այսպես. «Տարիներ շարունակ ճանաչում ենք իրար`շուրջ 15 տարի: Որպես մարդ ընկերասեր է, ինքը անապահով ընտանիքում մեծացած չունևորի կարգավիճակում եղած, ու չունևորի վիճակի մեջ մտնող մարդ էր»:

Իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքներին անդրադառնալով, պաշտպան Ժորա Վարոսյանը նշել է. «Հավատալ-չհավատալու խնդիր չկա, նա լավ մարդ է, բայց պաշտոն զբաղեցնող տղա է եղել, ես ինչ ասեմ, նաև մի հարց կա` միտումնավո՞ր է արարքներ թույլ տրվել, թե՞ պաշտոնական անփութության հետևանքով, սրանք տարբեր հարցեր են»:

Նրա խոսքով` այժմ ինքը նախաքննական մարմնից խնդրել է այն փաստաթղթերը, որոնց այս փուլում կարող է ծանոթանալ: Դրանց ծանոթանալուց հետո միայն կորոշվեն իրենց հետագա անելիքները:

Ավելի վաղ Վ. Խաչիկյանի պաշտպաններն էին փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը, ովքեր իրենց պաշտպանյալի հետ փոխհամաձայնությամբ հրաժարվել են նրա պաշտպանությունն իրականացնելուց՝ աշխատանքային զբաղվածության պատճառով:

Հարցին, թե տեղյա՞կ է, արդյոք, փաստաբան Ժորա Վարոսյանը, թե ինչու են նախորդ երկու  փաստաբանները հրաժարվել Խաչիկյանին պաշտպանելուց և արդյոք ինքը վստահո՞ւմ է իր պաշտպանյալին ու վստա՞հ է, որ նրան կարող է արդարացնել, Ժորա Վարոսյանը պատասխանել է. «1000 ու մի դրդապատճառ կարող է լինել: Բայց հարցը չեմ ուզում դեռ  քաղաքականացնել, չեմ էլ կարող գուշակել, թե նոր մարդիկ գործում ասպարեզ կգա՞ն, թե՞ չեն գա, նոր մեղադրյալներ կներգրավվե՞ն այս գործում, թե՞ ոչ: Բայց մի բան կարող եմ ասել, որ նրան  արդարացնելու կամ չարդարացնելու գործում լավ կամ վատ փաստաբանի խնդիրը չէ այստեղ»:

Տեսանյութեր

Լրահոս