«Սիվիլիթասի» աշխատակիցների նամակ-պահանջագիրը ՀՀ ղեկավարներին
«Մենք՝ մութ ու ցուրտ տարիներին մոմի լույսի տակ դաս սովորած, գիշերները ականի սուլոցներից գլուխը բարձի տակ թաղած, այսօր արդեն՝ երիտասարդներս, մենք`մեր հայրենիքի համար անկախություն կերտող զավակներս, ահազանգում ենք`սա այն հայրենիքը չէ ու չի էլ նմանվում նրան, որ մեզ խոստացել ու խոստանում եք ժառանգություն թողնել:
Մենք ուզում ենք հայրենիք, որտեղ մարդու և քաղաքացու իրավունքները արժևորվում և գնահատվում են, որտեղ մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Մենք պահանջում ենք հայրենիք, որտեղ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև, որտեղ օրենքներն են բարձր ամենից ու ամենքից: Մենք արդարություն ու արդարադատություն ենք պահանջում մեր հայրենիքում:
«Սիվիլիթաս» հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի նկատմամբ հետապնդումները վկայում են Հայաստանում ժողովրդավարության տկարության և դրա`էլ ավելի թուլացման մասին: Այս գործը առաջին նախադեպը չէ, այն մեր երկրում տիրող անպատժելիության և ամենաթողության հերթական դրսևորումն է: Սա միայն մեկ քաղաքական գործչի, մեկ կազմակերպության կամ այդ կառույցի աշխատակիցների հարցը չէ, սա երկրու իրավական, քաղաքական և բոլոր ոլորտների անառողջության դրսևորումն է:
Սահմանադրությամբ ժողովրդավար, իրականում ժողովրդավարությունից ավելի ու ավելի հեռացող Հայաստանում այսօր խեղդվում է ցանկացած տեսակի մրցակցություն՝ տնտեսականից մինչև քաղաքական: Խոսքի ազատությունը Սահմանադրությամբ ամրագրած Հայաստանում մարդիկ և կառույցները հետապնդվում են սեփական կարծիքն արտահայտելու և քննադատելու համար:
Մենք մեր անհանդուրժողականությունն ենք հայտնում ամենաթողության հանդեպ: Մենք և մեր կոչին տասնյակ երկրներից միացած հազարավոր մարդիկ պահանջում ենք դադարեցնել քաղաքական ճնշումները «Սիվիլիթաս» հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի նկատմամբ, մենք պահանջում ենք «Սիվիլիթասին» և Օսկանյանին առնչվող գործի արդար հանգուցալուծում, մենք արդարադատություն ենք պահանջում»: