«Ժառանգությունը» հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ
Այսօր «Ժառանգություն» կուսակցությունում հյուրընկալվեց «Ժողովրդավարության և համերաշխության եվրոպական ֆորումի» պատվիրակությունը, որի կազմում էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Եվրոպական սոցիալիստական կուսակցությունից (PES) և Սոցիալիստների ու դեմոկրատների առաջադիմական ալյանսից (S&D Group):
«10 անդամից բաղկացած պատվիրակությունը, որ ղեկավարում էին «Եվրոպական ֆորումի» փոխնախագահ Ժան Մարինուս Վիերսման եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոնեսթ ԽՎ համանախագահ Քրիստիան Վիգենինը, Հայաստան է ժամանել երկօրյա փաստահավաք առաքելությամբ՝ հանդիպելու քաղաքական կուսակցություններին և հնարավորինս լիարժեք ծանոթանալու երկրում տիրող իրադրությանը ԱԺ ընտրություններից հետո եւ նախագահական ընտրություններից առաջ:
Պատվիրակության առաջին հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության հետ էր: Հանդիպմանը մասնակցող «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, վարչության անդամներ Լուսինե Պետրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշե են Եվրոպական ինտեգրման հաստատուն կողմնորոշման մասին, որ ունի կուսակցությունը: Անդրադարձ կատարվեց նաև իշխանությունների ձախողումներին, որ խոչընդոտում են այդ ինտեգրման ցանկալի ընթացքին:
Հյուրերի խնդրանքով ներկայացվել են «Ժառանգության» մոտեցումները Վրաստանում ավարտված խորհրդարանական ընտրությունների, ՌԴ-ի նախաձեռնած Մաքսային միության, հայ-թուրքական արձանագրությունների եւ երկկողմ հարաբերություների կարգավորման վերաբերյալ:
Ի պատասխան ԼՂ անվտանգության և Ռ. Սաֆարովի արտահանձնման շուրջ «Ժառանգության» բարձրաձայնած մտահոգությունների, պատվիրակության հունգարացի անդամ Էդիթ Հերցզոգը նշել է, որ ոչ միայն հունգար ժողովուրդն է դատապարտում Սաֆարովի արտահանձնումը, այլև, ինչպես վերջերս է հայտնի դարձել որոշ փաստաթղթերից, Հունգարիայի թե´ ՆԳ, թե´ ԱԳ նախարարները դեմ են եղել այդ քայլին:
Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ նշվել է, որ Եվրոպական ընտանիք վերադառնալը «Ժառանգության» միանշանակ ընտրությունն է, և այդ լույսի ներքո Եվրոպայի քաղաքական շրջանակների հետ շփումների ու համագործակցության յուրաքանչյուր հնարավորություն ողջունելի է «Ժառանգության» համար»:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն