Դատախազությունը ՏՄՊՊՀ-ից պահանջել է խախտումների վերաբերյալ փաստաթղթերը
ՀՀ գլխավոր դատախազությունում հոկտեմբերի 17-ին ստացվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ գրություն՝ պետական գնումների շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական հաստատությունների կողմից՝ իրենց կարիքների համար դեղորայքի, բժշկական պարագաների և նյութերի ձեռքբերման գործընթացների ուսումնասիրության արդյունքների մասին:
Ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, ըստ հանձնաժողովի՝ թվով 92 բուժհաստատությունում առկա է մրցույթներ չհայտարարելու խախտում: Մասնավորապես, մրցույթները կամ ընդհանրապես չեն հայտարարվել, կամ հայտարարվել են մասնակի:
Արդյունքում, ըստ հանձնաժողովի, դեղերը, բժշկական պարագաները և նյութերը բուժհաստատությունները ձեռք են բերել մրցութային և շուկայական գներն էապես գերազանցող գներով: Գրությանը կից ներկայացվել է նաև թվով 92 բուժհաստատությունների ցանկը:
Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ դատախազություն ուղարկված գրությանը կից չեն ներկայացվել այն փաստաթղթերը, հիմքերը, որոնք վկայում են չարաշահումների մասին, ուստի ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր գրավոր դիմել է հանձնաժողովին խնդրելով տրամադրել դիտարկվող հարցին վերաբերող՝ հանձնաժողովում գտնվող փաստաթղթերը: