Առանց տեղյակ պահելու՝ Օկոևը հեռացրել է կնոջ արգանդն իր հավելումներով` վիրահատելուց հետո կարելով նաև հիվանդի միզուղին
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Աշտարակ քաղաքի բնակիչ Նունե Մաղաքյանի բողոքով սկսված դատավարությանը բժիշկ Գեորգի Օկոևին որպես վկա հրավիրելու միջնորդությունը:
Դատական նախորդ նիստերից մեկի ժամանակ հայցվոր Նունե Մաղաքյանի ներկայացուցիչը պահանջել էր «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնի տնօրեն Օկոևին որպես վկա ներգրավել, քանի որ որոշ հարցերի կարող է միայն նա պատասխանել:
Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքի բնակչուհի Նունե Մաղաքյանը «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում ենթարկվել էր կիստայի հեռացման վիրահատության: Նունե Մաղաքյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը պնդում է, որ վիրահատությունն այնուհետև ընդլայնվել է. բժիշկ Օկոևն, ըստ Տիգրան Աթանեսյանի, առանց կնոջը կամ նրա հարազատներին տեղյակ պահելու, հեռացրել է կնոջ արգանդն իր հավելումներով: Բացի այդ, ըստ հայցվորի ներկայացուցչի՝ ավարտելով վիրահատությունը` Օկոևը թույլ է տվել բժշկական կոպիտ սխալ՝ վիրահատելուց հետո կարելով հիվանդի միզուղին: Դրանից երեք-չորս օր հետո հայտնաբերել են, որ հիվանդի վիճակը ծանրացել է: Հետագայում նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան չեն կարողացել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Այնուհետև Նունե Մաղաքյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ նա ենթարկվել է ևս երեք վիրահատությունների:
Նունե Մաղաքյանի ներկայացուցիչը պնդում է, որ գոյություն ունի համաձայնագիր, որը փաստում է, որ Նունե Մաղաքյանը համաձայնել է միայն կիստայի հեռացման վիրահատությանը: Համաձայնությունն, ըստ Տիգրան Աթանեսյանի, ձևական փաստաթուղթ է, որում հստակ նշված չէ՝ ինչ վիրահատության մասին է խոսքը, ոչ մի խոսք չկա վիրահատության ընդլայնման մասին, նշված չեն կոնկրետ արդյունքներն ու հետագա բարդությունները:
«Մոր և մանկան առողջության պահպանման» ՓԲԸ-ի ներկայացուցիչն էլ նշում է, թե բժշկական հանրագիտարան չէր կարող կցվել համաձայնագրին: Այդ բարդություննները բանավոր ներկայացվել են բժշկի կողմից: Ըստ բուժհաստատության ներկայացուցչի` հայցվորի այն պնդումները, թե ինքը տեղյակ է եղել միայն կիստայի հեռացման վիրահատության մասին, իրականությանը չեն համապատասխանում:
«Մոր և մանկան առողջության պահպանման» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Վարդան Ստեփանյանի խոսքով`գործում առկա դատաբժշկական եզրակացությունները փաստում են, որ որևէ բժշկական սխալ տեղի չի ունեցել: Վերջինս նաև պնդում է, որ հետագայում Նունե Մաղաքյանի երիկամի հեռացման վիրահատությունը ոչ մի կերպ կապ չէր կարող ունենալ բժիշկ Օկոևի կատարած վիրահատության հետ:
Նունե Մաղաքյանը պահանջում է առողջությանը հասցված վնասի համար փոխհատուցել 235.000 դոլարին համարժեք ՀՀ դրամ, աշխատավարձի վճարում` ամսական 145.000 դրամի չափով:
Գործի դատաքննությունն ավարտվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 2-ին: