Թեկնածուները հայտնի են

Հոկտեմբերի 18-ի ժամը 18-ին ավարտվեց Երևանի թիվ 1 և Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքներում դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին պատգամավորության թեկնածուների առաջադրման համար սահմանված ժամկետը:

Վերջին օրն երկու ընտրատարածքներում առաջադրվել են երկուական թեկնածուներ: Արդյունքում` թիվ 1-ում առաջադրված է չորս, իսկ թիվ 35-ում` երեք թեկնածու: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Թիվ 1-ում «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված է կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ի կողմից` ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը, Հայաստանի Կանաչների (Սոցիալ-էկոլոգիական) կուսակցության կողմից` Արմենակ Դովլաթյանը, ինքնաառաջադրված է Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Էդուարդ Պետրոսյանը:

Թիվ 35-ում ՀՀԿ-ի կողմից առաջադրված է «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը, ինքնաառաջադրված են անկուսակցական Արման Խաչատրյանը և «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամ Մուրադ Գրիգորյանը:

Ըստ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, թեկնածուների գրանցումը նախատեսված է հոկտեմբերի 18-ից 28-ը:

Հիշեցնենք, որ թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում լրացուցիչ ընտրությունները նշանակվել են համապատասխանաբար ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցված համարվելու հիմքով: Ռ. Հայրապետյանը ներկայացրել էր հրաժարականի դիմում` իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան պատճառով: Ս. Բալասանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել էին սեպտեմբերի 9-ին Գյումրիի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:

 

Տեսանյութեր

Լրահոս