Բաժիններ՝

Որոշել են ավելի գործուն քայլեր իրականացնել

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հրավերով Հայաստանում է ՌԴ նախագահի օգնական, նախագահի վերահսկողության վարչության պետ Կոնստանտին Չույչենկոն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից:

Կառավարության ընդունելությունների տանն այսօր կայացել է  Հայաստանի և Ռուսաստանի վերահսկողական բարձրագույն կառույցների ղեկավարների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, հետագա գործակցության ծրագրեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գործնական քայլերը փորձի փոխանակման, վերահսկողության ոլորտում իրավական ակտերի կիրառման ուղղությամբ : Ռուսաստանի իր գործընկերոջը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը ծանոթացրել է իր ղեկավարած կառույցի գործառույթներին, գործունեության սկզբունքներին, ինչպես նաև 2012 թվականի ընթացքում ծառայության  կատարած  ստուգումներին, որոնց արդյունքում մի շարք ոլորտներում բացահայտվել են  չարաշահումներ:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել ճեպազրույց: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարնը նշել է, որ իր ղեկավարած կառույցն որդեգրել է առավել թափանցիկ եւ հաշվետվողական գործելաոճ` նպատակ ունենալով երկրում նպաստել օրենքի լիակատար գերակայությանը:

«Մեր երկու երկրներում ընթացող լայնածավալ բարեփոխումները պահանջում են պետության կողմից վերահսկողության մեխանիզմների կատարելագործում 7 արդիականացում»,-  ասել է Հովսեփյանը :

Կոնստանտին Չույչենկոն իր հերթին արդյունավետ է գնահատել հայ գործընկերների հետ աշխատանքը. «Մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք մեր երկու երկրների նախագահների հանձնարականների լիարժեք կատարման ընթացքը: Զուգահեռաբար, օրակարգում է պետության կողմից իրականացվող գնումների գործընթացի հանդեպ վերահսկողական մեխանիզմների ուժեղացման հարցը, քանի որ և՛ Ռուսաստանում, և՛  Հայաստանում, կան չարաշահումներ այդ բնագավառում: Որոշել ենք ավելի գործուն քայլեր իրականացնել և փորձի փոխանակմամբ նպաստել մեր վերահսկողական գործառույթների կատարելագործմանը: Ընդհանուր առմամբ, մենք շատ գոհ ենք մեր հայ գործընկերների հետ համագործակցությունից եւ ակնկալում ենք, որ ապագայում ևս խորը ու համապարփակ քննարկումների առիթ կունենանք»,- ասել է  Կոնստանտին Չույչենկոն:

Նշենք, որ երկու երկրների նախագահների վերահսկողական ծառայությունների գործակցությունը սկսվել է դեռևս  2005 թ-ից:  Կառույցների գործող ղեկավարների առաջին  հանդիպումը կայացել է 2009թ Երեւանում, որի ընթացքում ստորագրվել է  «Համագործակցության հետագա զարգացման» մասին հուշագիր:

Տեղեկացնենք նաև, որ եռօրյա այցի օրակարգում ՌԴ նախագահի օգնական , Նախագահի վերահսկողության վարչության պետ Կոնստանտին Չույչենկոյի գլխավորած պատվիրակությունը կայցելի Գառնի-Գեղարդ, կլինի Փարաջանովի անվան եւ Պատմության տուն-թանգարաններում:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս