Բաժիններ՝

Երիասարդ հայ արվեստաբանների գիտաժողով կանցկացվի

Վաղը՝  հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10.30, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր, կոմպոզիտոր, դիրիժոր, մշակութային-հասարակական գործիչ Տիգրան Չուխաճյանի 175-ամյա հոբելյանին նվիրված Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանը: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:

Արվեստագետները նստաշրջանի ընթացքում հանդես կգան 40 զեկույցներով: Եռօրյա նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու են ինչպես ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, այնպես էլ հանրապետության այլ գիտակրթամշակութային օջախների երիտասարդ գիտնականները: Կմասնակցեն նաև հյուրեր. Իրանի Իսլամական Հանրապետության,Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության երիտասարդ արվեստաբանները:

Տեղեկացնենք, որ Տիգրան Չուխաճյանը ծնվել է 1837թ. Կոստանդնուպոլսում: Նա պայքարել է հանուն հայ ազգային մշակույթի զարգացման, մասնակցություն է ունեցել հայկական ազգային երաժշտական մամուլի, երգչախմբերի, երաժշտական թատրոնների ձևավորման գործում: Չուխաճյանի ստեղծագործություններում համադրված են արևմտահայ քաղաքային երաժշտության և արևմտյան դասական երաշտության ձևերը: Դաշնամուրային ստեղծագործությունների, կամերային և սիմֆոնիկ գործերի հեղինակ է: Երաժշտություն է ստեղծել նաեւ թատերական ներկայացումների համար: Չուխաճյանը 1868թ. հեղինակել է հայկական ազգային դասական առաջին օպերան՝ «Արշակ Բ», «Զեմիրե» օպերա-հեքիաթապատումը, 1872թ.` «Արիֆի խարդախությունը», 1873թ.` «Քյոսե Քեհյա»,  1875թ.` «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետները:

Նշենք, որ նստաշրջանը կազմկերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը եւ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը: Նստաշրջանն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 21-ը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս