«Անցյալի սխալների համար եզդիներից ներողություն ենք խնդրում». Ահմեդ Թուրք

Ահմեդ Թուրքը եզդիներից ներողություն է խնդրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը: Ըստ լրատվամիջոցի` Դիարբեքիրում համաեզդիական միջազգային կոնֆերանս է գումարվել, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Սիրիայի, Իրաքի եզդիները: Համաժողովը նախագահել է եզդիների հոգևոր առաջնորդ Միր Թահսին Սեյիդը: Համաեզդիական միջազգային կոնֆերանսին, ինչպես տեղեկացնում է «Sondakika»-ը, ներկա են եղել նաև Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ քուրդ պատգամավորներ Ահմեդ Թուրքը, Այսել Թուխլուքը, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը և այլք:

Կոնֆերանսի ժամանակ Ահմեդ Թուրքն ասել է. «Մեր պապերի ձեռքերով եզդիների արյուն է թափվել: Անցյալի սխալների համար եզդիներից ներողություն ենք խնդրում»: 168.am-ը զրուցեց «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազիի հետ, պարզելու համար, թե ինչ կարծիք ունի եզդի ժողովուրդն Ահմեդ Թուրքի կատարած հայտարարության շուրջ:

«Փաստն ինքնին նշանակալի է: Դա լավ է, որ քուրդը գիտակցում է իր արած հանցագործությունը: Սակայն Ահմեդ Թուրքը մոռանում է, որ այսօր էլ քուրդը շարունակում է հալածել եզդի ժողովրդին՝ ազգային պատկանելության համար: Իրաքում կատարված դեպքերը՝ ձեզ վկա: 2007 թվականին մեկ օրվա մեջ սպանվեցին ավելի քան 1000 եզդիներ: Այսօր էլ եզդիները դեռ անվտանգության մեջ չեն ապրում Հյուսիսային Իրաքում, մասնավորապես՝ ինքնավար Քուրդիստանում: Թող Ահմեդ Թուրքը նաև այս հանցագործությունների մասին խոսի»,- ասաց Բորիս Մուրազին: Նրա խոսքով, համագումարի ընթացքում մի շատ կարևոր հանգամանք դուրս է մնացել բոլորի ուշադրության կենտրոնից:

«Ահմեդ Թուրքն իր այդ ելույթի ընթացքում եզդիներին ներկայացնում է՝ որպես քրդերի էթնիկ մաս: Չնայած  նա ներողություն է խնդրում եզդիներից ֆիզիկական ոչնչացման համար, սակայն իր խոսքով Ահմեդ Թուրքը նույնպես իրականացնում է ցեղասպանություն, դա ինքնության, ազգային պատկանելության ոչնչացումն է: Եզդիները քրդերի էթնիկ մասը չեն: Այստեղ արդեն պարզ է դառնում, որ իրականում «կարմիր կովը կաշին չի փոխել», այլ այս քաղաքական պայմաններում նրանց անհրաժեշտ է այդ հայտարարությունը, որ քուրդ ժողովուրդը հանդես գա որպես մարդասեր, այլ ոչ թե մարդասպան, ինչն իրականում կա»,- ասաց Բորիս Մուրազին:

 

Տեսանյութեր

Լրահոս