
«Պարոն Պուտինի նվերը տեռորիստներին»

Ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք թայմս» պարբերականն իր խմբագրական հոդվածում խիստ քննադատության է ենթարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ատոմային և քիմիական զենքի վերացման շուրջ ԱՄՆ-ի հետ համագործակցության հրաժարման համար:
«Ռուսաստանի վերջերս կայացրած որոշումից` հրաժարվելու Վաշինգտոնի հետ երկու տասնամյակ ընթացող համագործակցությանը` ատոմային և քիմիական զենքի վերացման ուղղությամբ, կտուժեն շատերը: ԱՄՆ-ը կկորցնի ամենաչնչին հնարավորությունը ատոմային սպառնալիքի վերացման համար, և Ռուսաստանը ստիպված կլինի ինքը պատասխան տալ դրա համար: Եվ ռուսական չպաշտպանված ատոմային զենքը գրավիչ կդառնա տեռորիստների համար»,- գրում է «Նյու Յորք թայմս» թերթի խմբագրականը:
Ըստ թերթի խմբագրի` այպես կոչված Նան-Լուգարի (Nunn-Lugar initiative) նախաձեռնությունից Ռուսաստանի հրաժարումը «անխոհեմ քայլ է և շատ բնորոշ է նախագահ Վլադիմիր Պուտինի կծու, այլատյաց և ինքնամեկուսացնող աշխարհայացքին»: Թերթը հիշեցնում է Ռուսաստանում «USAID»-ի («Միջազգային զարգացման Միացյալ Նահանգների գործակալություն») արգելման մասին և ենթադրում. «Հավանաբար քաղաքացիական հասարակության ամերիկյան ծրագրերը շատ հաջողված էին և չափից ավելի վտանգավոր պարոն Պուտինի համար: Բայց ատոմային զենքի վերացման ծրագիրը կարևոր է բոլոր մարդկանց կյանքի համար»:
«Նյու Յորք թայմսը» գրում է, որ ծրագրից հրաժարվելու պաշտոնական պատճառաբանությունը «հիմնված է ազգային հպարտության վրա, թե Ռուսաստանն ինքնուրույն կարող է լուծել այդ հարցերը` առանց ամերիկյան օգնության»: «Պարանոյան և այլատյացությունը Կրեմլում գալիս է դեռևս կոմունիստական ժամանակներից և շարունակում է այնտեղ գոյատևել ավելի քան երկու տասնամյակ: Եթե Մոսկվան կանգնեցնի Նան-Լուգարա ծրագիրը, նա պետք է այն փոխարինի Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող համապատասխան ծրագրերով: Ատոմային զենքի շարունակական վերացումը պետք է լինի բավարար թափանցիկ, որպեսզի ստանա համաշխարհային վստահությունը: Բայց պարոն Պուտինն է ստեղծել այդ խնդիրը, և հիմա պետք է լուծի այն»,- եզրափակում է հեղինակավոր պարբերականը: