Բոլոր ոլորտներում էլ ստվեր կա
ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Արտաշես Բեյբությանի ազատումը որևէ կապ չունի «ՍԱՍ գրուպի» սուպերմարկետներում իրականացված ստուգումների հետ: News.am-ի փոխանցմամբ` այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Իր երկու տեղակալների աշխատանքից ազատումը Գ. Խաչատրյանը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Որպեսզի ավելի թարմ, ավելի լավ աշխատող կադրերով համալրենք կառույցը»:
Գ. Խաչատրյանը չի հերքել, որ ՍԱՍ-ում հայտնաբերվել են խախտումներ, սակայն, ըստ կայքի, նա հավելել է, որ ստուգման ենթակա բոլոր ընկերություններում էլ խախտումներ հայտնաբերվում են: Ներկայում, օրինակ, ստուգվում են առողջապահական 6 հիմնարկներ, ևս 99-ում իրականացվում է չափագրում: «Բոլոր ոլորտներում ստվեր կա»,- ասել է Գ.Խաչատրյանը:
Կայքը հիշեցնում է, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, ըստ որի՝ Արտաշես Բեյբությանը կապ ունի սուպերմարկետներում ՀԴՄ տվյալների կեղծման հետ:
Գ. Խաչատրյանից լրագրողները նաև հերքել է, թե խոշոր բիզնես ունի: Հարցին, թե այդ դեպքում գույքի և եկամուտների մասին հայտարարագրում որտեղի՞ց է գոյացել 3 մլն դոլարը, Գ. Խաչատրյանը խորհուրդ է տվել ուսումնասիրել իր բոլոր նախորդ հայտարարագրերը:
Գ. Խաչատրյանը հաստատել է, որ առանձնատուն ունի, սակայն նշել է, որ այն կառուցել է օրինական ճանապարհով ստացած եկամուտներից: