Բաժիններ՝

Անկաշկանդ զրույց` դատապարտյալների հետ

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները նոյեմբերի 20-ին նախատեսում են համատեղ կազմակերպել Հայաստանի ազատազրկման վայրերում կալանավորների պահման պայմանների վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Մասնավորապես, թե որքանով են պահման պայմանները համապատասխանում եվրոպական չափանիշներին, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի և ՄԱԿ-ի հանձնարարականներին: Այդ նպատակով երկու հանձնաժողովների անդամները որոշել են նախապես այցելել կալանավայրեր:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, հոկտեմբերի 16-ին պատգամավորներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ` ցմահ ազատազրկման դատապարտվածների և նախնական կալանքի պահման վայրեր, իսկ հոկտեմբերի 17-ին` «Էրեբունի» ՔԿՀ`  կիսաբաց ռեժիմի գաղութ: Առաջիկա շաբաթավերջին նախատեսվում է այցելել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:

«Զրուցել ենք շատ ազատ, անկաշկանդ թե’ ցմահ ազատազրկման դատապարտվածների, թե’ նախնական կալանքի վայրում և թե’ տարբեր ռեժիմների գաղութների կալանավորների հետ, լսել ենք իրենց առաջարկները: Այսինքն` հավաքագրել ենք այն ռացիոնալ առաջարկները, որոնք կարող են օրենսդրական փոփոխությունների հիմք դառնալ»,- ասել է Ն.Զոհրաբյանը: Նա նշել է նաև, որ այցելությունների ավարտից հետո փորձելու են ամփոփել և վերլուծել հավաքագրված տեղեկատվությունը, մասնավորապես, դժգոհությունները` կապված գերծանրաբեռնվածության, տեսակցությունների խնդիրների հետ:

«Այսինքն` խնդիրներ կան, որոնք հնարավոր է շատ կարճ ժամկետում լուծել: Խնդիրներ կան, որոնք օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն են առաջացնում: Կփորձենք այդ խնդիրները խորհրդարանական լսումների ժամանակ բարձրացնել և արդեն, ինչը որ հնարավոր է, Արդարադատության նախարարության հետ համատեղ, փորձենք դրանց լուծումներ տալ»,- ընդգծել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Ըստ նրա, երկու հանձնաժողովների անդամները հիմք են ընդունել Հայաստանի ազատազրկման վայրերի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և այլ զեկույցներում արձանագրված բացթողումները, մտահոգությունները: «Փորձել ենք տեսնել, թե այդ զեկույցներում արձանագրված խնդիրները շտկվել են, թե ոչ, և ինչ է պետք անել դրանք շտկելու համար»,- ասել է Ն.Զոհրաբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս