«Մեզ սկսել են նայել ոչ որպես ազգային հատկանիշ, այլ սև անցք, տարածք». Արամ Կարապետյան
168.am-ի հարցին, թե` 2013թ. նախագահ չընտրվելու դեպքում ի՞նչ եք անելու, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը պատասխանեց. «Իմ տպավորությամբ` այս անգամ Հայաստանում ընթացող քաղաքական, աշխարհաքաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ եթե նույնիսկ այս ընտրություններում իշխանությունը վերարտադրվի, ապա դա 100 տոկոսով լինելու է պյուռոսյան հաղթանակ, որովհետև հասկանալի է, որ դրանից հետո վիճակը բարդանալու է Հայաստանում, դեգրադացիայի աստիճանն ավելի կաճի` ամենայն հավանականությամբ, կիրառվելու են փողային ռեսուրսների խնդիրներ: Կարծում եմ` այդ ընտրություններից առաջ և հետո Հայաստանին պարտադրվելու են ամենաստորացուցիչ պայմանները` աշխարհաքաղաքականա տարբեր հարցեր լուծելու համար, որովհետև մենք նշաձողն ինչքան իջեցնում ենք, այնքան վերաբերմունքը փոխվում է մեր նկատմամբ: Մեզ սկսել են նայել ոչ որպես ազգային հատկանիշ, այլ սև անցք, տարածք, որտեղ ամեն մեկն իր խնդիրներն է լուծում: Իսկ թե ի՞նչ կլինի հայերի հետ, կմնա՞ն այդտեղ, չե՞ն մնա…»: