«Նրանք պիտի ապահովեին անվտանգությունը, հատկապես` հասարակական նման վայրում». Ն. Զոհրաբյան
«Չգիտեմ, թե ում վրա է դրված եղել պատասխանատվությունը, ուստի կդժվարանամ հայտարարություն անել, թե ով է իրականում կրում պատասխանատվություն, բայց ասում եմ, որ պատասխանատվությունը կրում է նա, ում վրա դրված է եղել այդ գործառույթները իրականացնելը, կազմակերպելը»,- galatv.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Փուչիկների գործով» ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանի հայտարարությանը, թե ՀՀԿ ներկայացուցիչները նախապես իմացել են, որ միջոցառման փուչիկները կարող են պայթել:
«Եվ եթե դա դրված է եղել կուսակցության ինչ-որ ստորաբաժանման վրա, ապա, իհարկե, կրում է պատասխանատվություն, և անկախ ամեն ինչից` նրանք պիտի ապահովեին անվտանգությունը, հատկապես հասարակական նման վայրերում»,- ասել է ԲՀԿ պատգամավորը:
«Չգիտեմ՝ դե յուրե ում վրա է եղել պատասխանատվությունը, բայց հատկապես որ զգուշացվել է, ուրեմն` առավել ևս իրենք ինչ-որ մասով կրում են պատասխանատվություն»,- ասել է Ն. Զոհրաբյանը:
Իսկ ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով Մանուչարյանի վերոնշյալ հայտարարությանը, ասել է. «Այդ մասին, ով կոմպետենտ է, ով որ զբաղվել ա էդ գործով, հարցը ուղղեք նրանց, կպատասխանեն՝ իրենք տեղյակ եղե՞լ են, թե՞ տեղյակ չեն եղել: Ես որպես ՀՀԿ անդամ տեղյակ չեմ եղել: Միջոցառումների տարբեր կազմակերպիչներ են եղել: Եվ եթե, ասենք, Ղասանը մի հատ միջոցառում է կազմակերպում, դա չի նշանակում, թե ամբողջ ՀՀԿ-ն կազմակերպիչ է համարվում»:
Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով այրվածքներ էին ստացել եւ տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:
Այսօր դատարանը մեկ տարով ազատազրկեց փուչիկների գործով ամբաստանյալ Սերոբ Բոզոյանին: