Բաժիններ՝

Պետական «ավտոշուկա»

ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում հավանություն կտա հերթական որոշմանը, որով թույլատրելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հաշվեկշռում հաշվառված 7 միավոր տրանսպորտային միջոցներն օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր: Ինչպես նշված է պաշտոնական տեղեկանքում, աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում կտեղադրվեն ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին։

Օտարման ենթակա մեքենաների ցանկից երևում է, որ մեկնարկային գները բավականին մատչելի են։ Օրինակ՝ 1996թ. արտադրության ՎԱԶ 21213-ը (նույն ինքը՝ Նիվան) առաջարկվում է 230 000 դրամով կամ 550 դոլարով։ Մնում է պարզել՝ մեքենաները հո շատ «չլա՞ծ» չեն, և, որ ամենակարևորն է՝ գազի բալոն ունե՞ն, թե՞ ոչ։ Հաշվի առնելով, որ դրանք գտնվում են Էներգետիկայի նախարարության հաշվեկշռում, շատ հնարավոր է, որ մեքենաներն աշխատած լինեն գազով։ Չէ՞ որ այս նախարարությունում ամենից լավ գիտեն, որ գազն էժան է և էժան էլ մնացել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս