«Ես ինձ մեղավոր չեմ զգում, ինչի՞ պիտի զգամ». Կարեն Ավագյանը` «Փուչիկների» գործի մասին

«Ես ինքս հանդես չեմ եկել միջոցառման կազմակերպիչ, միջոցառման կազմակերպիչը ես չեմ, չգիտես ինչի` մարդիկ փորձում են դա չլսել, կամ էլ ձեռ չի տալիս դա լսել, հատկապես նրանք, ովքեր փորձում են այդ դժբախտ պատահարը օգտագործել իմ դեմ»,- news.am-ի փոխանցմամբ` այս մասին այսօր ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը` անդրադառնալով «Փուչիկների» գործով ամբաստնայլ, քաղցկեղով հիվանդ Սերոբ Բոզոյանին մեկ տարվա ազատազրկման դատապարտելուն և իր հասցեին հնչող մեղադրանքներին:

«Ես ինձ մեղավոր չեմ զգում, ինչի՞ պիտի զգամ, որովհետեւ ես որեւէ կազմակերպչական խնդիրներով չեմ զբաղվել: Բայց ընդհանուր առմամբ, որ մեր իրականության մեջ նման ապրանք կարող է վաճառվել, դա նշանակում է, որ մենք մեղավոր ենք բոլորս, մենք դրա դեմ չենք պայքարում, նման ապրանքները կիրառվում է մեր կենցաղի մեջ»,- ասել է նա:

Նա նշել է, որ ցավում է, որ մարդիկ այդ դժբախտ պատահարը փորձում են շահարկման թեմա դարձնել, ցույց են տալիս, թե հետաքրքված եւ մտահոգված  են ուրիշների ճակատագրերով.

«Խորհուրդ կտայի այդ մարդկանց իրենց ճակատագրերը թողած ուրիշների ճակատագրերի մասին չմտածեին»,- ասել է պատգամավորը` նշելով, որ այդ շահարկումները անողներին երբեք ու երբեք չի հետաքրքրել տուժած երեխաների վիճակը, երբեք  նրանց չեն այցելել և այլն:

Դատավճռից հետո նա ավելորդ է համարում ցանկացած մեկնաբանություն տալ, իսկ այն մարդկանց, ովքեր փորձում են թարմացնել և «դիվիդենտներ շահել», խորհուրդ է տալիս իզուր ժամանակ չծախսել, որովհետև անարդյունավետ աշխատանք է:

«Բոզոյանը ճանաչել է իր մեղքը, ավելի քան համոզված եմ, որ Բոզոյանը անձամբ չի էլ պատկերացրել այդ վտանգի մասին եւ հնարավոր հետեւանքների մասին»,- ասե է ՀՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեկ տարվա ազատազրկման է դատապարտել «Փուչիկների» գործով մեղադրվող Սերոբ Բոզոյանին:

Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով այրվածքներ էին ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:

Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:

Տեսանյութեր

Լրահոս