«Փուչիկների գործով» մեղադրվող Բոզոյանին ազատազրկեցին
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր «փուչիկների» գործով միակ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման:
Դատավճռով նա երկու տարի ժամկետով զրկվեց կենցաղային նպատակներով դյուրավառ, այրիչ նյութերի պահպանման և օգտագործման իրավունքից: Խափանման միջոց բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը մնում է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Պաշտպանական կողմը դեռևս պետք է քննարկի և որոշի Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնել-չներկայացնելու հարցը: Այս մասին տեղեկացնում է «Փաստիֆոն»:
Հիշեցնենք, որ պաշպանական կողմի միջնորդությամբ գործը քննվել էր արագացված դատաքննության կարգով, ամբաստանյալը լիովին ընդունել էր իրեն ներկայացված մեղադրանքը:
Մինչ դատավճռի հրապարակումը պաշտպան Կարեն Մանուչարյանը միջնորդեց արդեն դատական վիճաբանությունների փուլում գտնվող գործը վերսկսել իր պաշտպանյալ Սերոբ Բոզոյանի անձը բնութագրող փաստաթղթեր դատարանին ներկայացնելու համար: Ըստ դրանց, ամբաստանյալը 2009թ. քիմիաթերապիայի կուրս է անցել, վիրահատվել և դուրս գրվել բարելավմամբ, մինչև 2012թ. ապրիլ ամիսը նրա ընտանիքը նպաստառու է եղել, 9-ամյա որդին վատառողջ է: Պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալը նախընտրական միջոցառման կազմակերպիչներին զգուշացրել է մեթան գազով փուչիկների լիցքավորման դեպքում վտանգի մասին, հայտնել, որ անվտանգ հելիում գազ այդքան քանակությամբ (7000), փուչիկներ լիցքավորելու համար չի ճարվում և անհամեմատ թանկ արժե 4-5 մլն դրամ՝ մեթանով լիցքավորելու դեպքում՝ 770 հազար դրամի դիմաց:
Պաշտպանը դատարանին միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժ կամ, ծայրահեղ դեպքում, հետաձգել պատժի կիրառումը:
Մեղադրողը պնդել էր ամբաստանյալին մեկ տարվա ազատազրկման դատապարտելու միջնորդությունը՝ նշելով, որ ներկայացված փաստաթղթերից չի երևում «քաղցկեղ» ախտորոշումը: Ամբաստանյալն իրեն մեղավոր ճանաչեց անփութության մեջ՝ ներողություն խնդրելով տուժողներից տոնը տխուր օրվա վերածելու համար:
Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, որի հետևանքով նույն օրը 228 մարդկանց անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: