Անաստասիա Վոլոչկովա. «Ես նոր և ուրիշ Անաստասիա Վոլոչկովան եմ» (լուսանկարներ)
Այսօր Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում ժամը 19:00-ին կկայանա ռուսական շոու-բիզնեսի սկանդալային ներկայացուցիչ, բալետային պարուհի Անաստասիա Վոլոչկովայի մենահամերգը: 168.am-ը Անաստասիա Վոլոչկովայի հետ զրուցել է հենց այն պահին, երբ նա ստեղծագործական իր խմբի հետ օդանավակայանում էր և պատրաստվում էր մեկնել Երևան: Վոլոչկովան Երևանում ընդամենը մեկ օր կմնա, սակայն, մեծ մենահամերգից բացի, հայ հանդիսատեսը պարուհու նոր նախագծին կարող է ծանոթանալ նաև նույն օրը երեկոյան ժամը 21:30-ին՝ Mezzo ակումբում կայանալիք շոուի ընթացքում: Այստեղ մարդիկ կարող են շփվել պարուհու հետ, լսել նրա խոսքը, երգերը… Անաստասիա Վոլոչկովայի խոսքով` այսօր հայ հանդիսատեսը կտեսնի բոլորովին նոր և ուրիշ բալետային պարուհու, ով կփորձի մաքսիմալ էներգիա և դրական լիցքեր փոխանցել: «Ես ուզում եմ, որ մարդիկ ճանաչեն ինձ ոչ թե ամսագրերի, թերթերի կամ հեռուստացույցի միջոցավ, այլ անձամբ»,- ասել է նա:
– Ի՞նչ ծրագիր եք ներկայացնելու հայաստանյան հանդիսատեսին:
– Ես Հայաստան եմ գալիս այնպիսի շոու ծրագրով, որը ոչ միայն զվարճանալու, այլև հոգեկան բավարարվածություն ստանալու համար է: Իմ շոու-ծրագիրը նախատեսված է ոչ միայն երեխաների, երիտասարդների, այլև ավագ սերնդի համար: Ես հանդիսատեսին ծանոթացնում եմ պարի մշակույթի հետ: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել իմ բալետային շոուն, տեսնել ակրոբատների, որոնք բարձրության վրա են աշխատում: Մենք ստեղծել ենք խորեոգրաֆիական կոմպոզիցիա, որն ամբողջական և գեղեցիկ է, և որի մասին շատերն իրենց ամբողջ կյանքում են երազել: Բացի այդ, ես ինձ հետ բերում եմ երկու հանրաճանաչ օպերային երգիչների, ովքեր կկատարեն աշխարհին հայտնի հիթերից: Կարող եմ ասել, որ անակնկալներ են սպասվում: Հայ հանդիսատեսի համար ես նաև իմ երգացանկից մի քանի երգեր եմ կատարելու: Գրավիչ շոու է սպասվում հայ հանդիսատեսին: Ես արդեն ունեմ այդ փորձը և ես զգացել եմ մարդկանց` իմ համերգների նկատմամբ ցուցաբերած ռեակցիան: Ես ներկայացնում եմ ժամանակակից և գույներով լի շոու: Համերգի ընթացքում ես կատարում եմ սպիտակ կարապի դերը: Սա համերգային ծրագիր է, որտեղ ես կին եմ, իսկական, սեքսուալ, զգայուն, ով ներկայանում է իր ողջ հմայքով: Թող այս երեկոն բոլորին աննկարագրելի և անմոռանալի էմոցիաներ հաղորդի: Այս ամենի համար ես շնորհակալ եմ իմ մայրիկին, ով ինձ աջակցել, ով հավատացել է ինձ: Բացի այդ, շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցում են այս ծրագրում, ովքեր օգնում են այս մեծ ծրագրի անխափան իրականացմանը: Անկեղծ ասած, այս ամենն իրականացնելու համար մի մեծ թիմ է աշխատում` թվով տասնհինգ մարդ, ովքեր ինձ հետ միասին հանդես կգան բեմում, ովքեր հիանալի համարներ ցույց կտան:
– Ճի՞շտ են այն խոսակցությունները, ըստ որոնց, դուք Հայաստանի, հայ ժողովրդի մշակույթի մասին առաջին անգամ ծանոթացել եք գործարար Տիգրան Արզաքանցյանի շնորհիվ:
– Հայաստանի մասին ես իմացել եմ իմ ողջ կյանքի ընթացքում: Ինձ և Հայաստանին կապում է մի մեծ ընկերություն: Դրանք այն մարդիկ են, իմ այն ընկերները, ովքեր հայ են և ովքեր ինձ համար շատ թանկ, շատ սիրելի մարդիկ են: Հայկական սփյուռքը շատ մեծ է: Եվ ես չեմ ճանաչում հայկական սփյուռքից մեկին, ով արժանապատիվ, ազնիվ և իր խոսքի տերը չլիներ: Այդ իսկ պատճառով ես կարող եմ ասել, որ հայկական հյուրասիրությունն արտացոլում է հայ ժողովրդի հոգու բարությունն ու վեհությունը: Եվ այնպես չէ, որ ես հատուկ որևէ ակնկալիք ունեմ հայ ժողովրդից: Ես գիտեմ, որ հայի հողը ինձ շատ ջերմ կընդունի: Ես անգամ ունեմ իմ հայկական սիրելի կերակուրը: Ես շատ եմ սիրում ձվով տապակած սպանախը: Բացի այդ, ես գիտեմ, որ հայն այն մարդն է, ով շատ մեծ նշանակություն է տալիս մշակույթին, իր երկրին: Ես հարգում եմ հայկական ավանդույթները և ես հավատում եմ, որ վաղն ամեն ինչ կլինի շատ տոնական և գեղեցիկ: Ես հաստատ չեմ կարող հիշել, բայց որքան հիշում եմ` Հայաստանում եղել եմ երեք տարի առաջ: Այս անգամ գալիս եմ նոր և ուրիշ ֆորմատով կազմված շոու-ծրագրով:
– Որքա՞ն ժամանակ եք անցկացնելու Հայաստանում, և այդ ժամանակն ինչպե՞ս եք տնօրինելու:
– Ցավում եմ, որ Հայաստանում կարող եմ անցկացնել միայն մեկ օր: Սովորաբար, օտար երկրում ես այցելում եմ մի շարք մշակութային կենտրոններ, ծերանոցներ, այցելում եմ մանկատների երեխաներին, բայց այս այցիս ժամկետը շատ կարճ է: Ես այս անգամ չեմ հասցնի այդքան վայրեր այցելել: Առավել ևս, որ իմ համերգի նախապատրաստական աշխատանքները բավական մեծ ժամանակ են խլում: Ընդամենը 6 ժամ ժամանակ ունեմ մինչ համերգի սկսվելը և համերգային ողջ ծրագիրը կտևի ևս 1 ժամ 50 րոպե: Սա շատ մեծ աշխատանք է:
– Ինչպիսի՞ հանդիպում եք նախատեսում հայ հանդիսատեսի հետ ունենալ Mezzo ակումբում:
– Կարծում եմ, որ հայ հանդիսատեսին հաճելի և հետաքրքիր կլինի շփվել անձամբ ինձ հետ: Այդ իսկ պատճառով Mezzo ակումբում կազմակերպել ենք իմ և հանդիսատեսի համար մտերմիկ հանդիպում` «Տոնական ճաշ Անաստասիա Վոլոչկովայի հետ»: Ես շատ պարզ մարդ եմ և ցանկանում եմ կոտրել բոլոր այն կարծրատիպերը, որ առաջացել են իմ անձի հանդեպ: Բոլոր վայրերում, կարևոր չէ` որ երկրում եմ, ինչ ազգի մարդկանց հետ եմ շփվում, իմ հասցեին միշտ լսում եմ հետևյալը` որ ես կյանքում առավել գեղեցիկ, գրավիչ, երիտասարդ եմ, քան երևում եմ եթերով կամ ամսագրերի ու թերթերի էջերին: Դրա համար ես որոշեցի կենդանի հանդիպում անցկացնել իմ հայ ընկերների հետ: Ցանկանում եմ, որ մարդիկ գան և անձամբ ինձ հետ շփվեն: Երեկոյի ընթացքում կկատարեմ իմ երգերից մի քանիսը: Ես ցանկանում եմ մարդկանց հետ շփվել որպես մարդը` մարդու հետ: Հնարավոր է, և ես գիտեմ, որ կյանքում ես շատ անկանխատեսելի արարքներ եմ անում, բայց մի բան կա իմ մեջ, մի հատկանիշ, որը, հաստատ կարող եմ ասել, գրավում է մարդկանց, և մարդիկ ինձ սիրում են: Այդ հատկանիշը կոչվում է անկեղծություն: Եվ այն մարդիկ, ովքեր վաղը կգան Mezzo ակումբ, ամբողջությամբ կփոխեն իրենց կարծիքն իմ մասին և կփոխեն դեպի ավելի լավ կողմը: Այն ամբողջ աղբը, որ ասվում է իմ մասին, և այն նյութերը, որ տպագրվում են իմ մասին, դա հարցի մի կողմն է, բայց ես կարողանում եմ շատ գեղեցիկ պարել, երգել:
– Ի՞նչ նպատակներ ունեք այսօր, որ ցանկանում եք դեռ իրականացնել:
– Ռուսաստանում ունեմ մանկական մշակույթի կենտրոն, հուսամ` մի օր էլ Երևանում կկարողանամ ունենալ: Դա կենտրոն է, որտեղ երեխաները սովորում են պար, վոկալ, ճիշտ հաղորդակցության տեխնիկա, սովորում են` ինչ է ճիշտ մշակույթը: Դա այսօր երեխաների համար շատ կարևոր է: Իմ կյանքի նպատակներից մեկն էլ այն է, որ ես ցանկանում եմ երեխաներին, երիտասարդությանը հեռու պահել ինտերնետից, հեռուստացույցից, այն ամենից, ինչը իրենց հոգին ու միտքը լցնում է աղբով: Ես ուզում եմ նրանց ուշադրությունը հրավիրել թատրոնի, մշակույթի վրա:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչած բամբասանքներին, և ինչպե՞ս եք վերաբերում այն հայ տղամարդկանց, ովքեր սպասում են տեսնել ոչ թե գեղեցիկ շոու, այլ Ձեր գեղեցիկ, գրավիչ մարմինը:
– Ես բամբասանքներին ոչ մի կերպ չեմ վերաբերվում: Ես ակնկալում եմ ջերմություն, հարազատություն, որը ես առաջինը կփոխանցեմ հանդիսատեսին: Պարզապես ցանկանում եմ մարդկանց ուրախություն, տոն պարգևել: Ես գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր վաղը կգան իմ համերգին, նրանք կտանեն իրենց հետ ջերմություն, ուրախություն, մեծ բավարարվածություն: Սա PR-ի կամ ինքնագովազդի մի ձև չէ: Ես ուզում եմ, որ մարդիկ ճանաչեն ինձ ոչ թե ամսագրերի, թերթերի կամ հեռուստացույցի միջոցով, այլ անձամբ: Ինձ համար արժեքն այն չէ, որ կյանքում արժեք ունի, այլ ինձ համար իրական արժեքը մարդկային պարզ ու հասարակ շփումն է: Նրանք, ովքեր վաղը կլինեն իմ համերգին, այն մարդիկ են, ովքեր իրավամբ կարող են դատել կամ քննադատել ինձ կամ իմ աշխատանքը: Ես նոր և ուրիշ Անաստասիա Վոլոչկովան եմ, ով հանդիսատեսին ներկայացնելու է նոր և առավել հետաքրքիր բալետային մշակույթ, առավել ամբողջական և օրիգինալ շոու-ծրագիր: