
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը թույլ է տալիս բոլոր ոլորտներում զարգացնել դաշնակցային հարաբերություններն ու երկու բարեկամ երկրների միջև խորացնել ռազմավարական գործընկերությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից:
Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Ստեպաշինի անձնական ներդրումն այդ հարաբերությունների զարգացման գործում և կարևորել հաստատված աշխատանքային ծրագրերի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի ու ՌԴ հաշվիչ պալատի միջև սերտ փոխգործակցությունը:
Սերգեյ Ստեպաշինը նշել է, որ երկու երկրների բարձրագույն վերահսկիչ կառույցները վերջին տարիներին բավականին արդյունավետ համագործակցում են, ակտիվ փոխշփումներ կան, և համագործակցության ծրագրի ու համատեղ վերահսկողության մասին ստորագրված փաստաթղթերի հիման վրա տարեցտարի խորացնում են հարաբերությունները:
ՌԴ հաշվիչ պալատի նախագահը վստահություն է հայտնել, որ Երևանում գործընկերոջ հետ հերթական հանդիպման և վաղը հրավիրվելիք երկու վերահսկիչ կառույցների համատեղ նիստի ընթացքում փոխգործակցության արդյունքների ամփոփումն ու հետագա ծրագրերի քննարկումները կնպաստեն ՀՀ վերահսկիչ պալատի և ՌԴ հաշվիչ պալատի միջև համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը: