Բաժիններ՝

Եզդիները բողոքում են ՊՆ դեմ. «Ինչի՞ համար էր Գագիկ Հաջոյանը գնացել կռվելու, եթե իր ընտանիքի անդամները անտարբերության են մատնվել պետության կողմից»

Արծվաշենի վերջին մարտերում հայերի հետ կռված և զոհված, ազգությամբ եզդի Գագիկ Հաջոյանի ընտանիքը ֆինանսական ծանր վիճակում է գտնվում: Այս մասին տեղեկանալով` «Սանջար» հ/կ նախագահ Բորիս Մուրազին օգնության խնդրանքով դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը:

Բորիս Մուրազին դիմումի մեջ նշել է, որ զոհվածի ընտանիքը ֆինանսական ծանր վիճակում է գտնվում, և զոհված ազատամարտիկ Գագիկ Հաջոյանի հորն անհրաժեշտ է  շտապ բուժօգնություն: Նշենք, որ զոհվածի ընտանիքը բաղկացած էր չորս անդամներից՝ զոհվածի ծնողներից և փոքրիկ անչափահաս եղբորից, ով լույս աշխարհ է եկել Գագիկ Հաջոյանի մահվանից հետո: Մինչ Պաշտպանության նախարարությունը ստացված դիմումի պատասխանը կուղարկեր, մահացավ նաև զոհվածի հայրը` միայնակ թողնելով կնոջն ու անչափահաս որդուն:

168.am-ը զրուցեց «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազիի հետ, պարզելու, թե ինչպե՞ս է  արձագանքել ՊՆ-ն դիմումին: Բորիս Մուրազին, ի պատասխան հարցի, ուղարկեց ՊՆ-ի դիմումի պատճենը, նշելով, որ այդտեղ ամեն բան գրված է: Պաշտպանության նախարարությունից  պատասխանել են.

«Ազատամարտիկ Գագիկ Հաջոյանի ընտանիքը հաշվառվել էր 2008թ. Արարատի մարզպետարանի կողմից ՊՆ ուղարկած բնակարանի բարելավման կարիքների հերթացուցակում ՝ 1162 հերթական համարով:

Գագիկ Հաջոյանի ընտանիքի կարիքներին հնարավոր կլինի անդրադառնալ 2003-2007թթ. զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց հետո»: ՊՆ պատասխանը զայրացրել էր եզդի ժողովրդի ներկայացուցիչներին, ովքեր համացանցում բողոքի ձայն էին բարձրացրել նամակ-պատասխանի կապակցությամբ: «Ինչի՞ համար էր Գագիկ Հաջոյանը գնացել  կռվելու, եթե իր ընտանիքի անդամները անտարբերության են մատնվել պետության կողմից»,-համացանցի տարբեր քննարկումներում գրում են նրանք:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս