Հրանուշ Հակոբյանն իր պատրաստած փախլավաներով է եթեր գնացել
Հոկտեմբերի 15-ից Հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակվելու է «Գտնված երազ» հաղորդաշարը: Հաղորդումը վարում է հեռուստահաղորդավար Գոհար Գասպարյանը: Անդրանիկ եթերն արդեն հեռարձակվել է: Ինչպես հաղորդման պրոդյուսեր Էլմիրա Արսենյանն է BRAVO.am-ին տված հարցազրույցում նշել, հաղորդման հյուրերը լինելու են տարբեր բնագավառի ճանաչված մարդիկ, ովքեր պատմելու են իրենց գտնված կամ չգտնված երազի մասին:
168.am-ը զրուցեց Գոհար Գասպարյանի հետ, պարզելու համար, թե ինչպիսին էին հաղորդումից ստացած տպավորությունները: Հարցին, թե արդյոք առաջին եթերի ընթացքում արդարացա՞ն սպասելիքները, հաղորդավարուհին պատասխանեց. «Սպասելիքների մասին խոսելը դեռ վաղ է:
Այդ մասին կարելի է դատել մի քանի ամիս հետո: Մեր ծրագիրը միտում չունի զարմացնելու, գերազանցելու բոլոր վարկանիշները: Այն պարզապես դրական, բարի և չպարտավորեցնող 30 րոպե է՝ բնական և անմիջական զրույցով»: Նշենք, որ եթեր հեռարձակվող հաղորդման առաջին հյուրը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էր: Հարցին, թե ինչո՞ւ հենց նրա հետ զրույցին որոշեցին նվիրել «Գտնված երազ» հաղորդաշարի անդրանիկ հաղորդումը, Գոհար Գասպարյանը պատասխանեց. «Մենք կատարեցինք առաջին շաբաթվա նկարահանումները: Տիկին Հակոբյանն իր պատրաստած փախլավաներով եկավ, և այնքան ջերմորեն բարի երթ մաղթեց, որ միանշանակ որոշեցինք առաջինը հենց նրա ծրագիրը դնել»: