ՊԵԿ-ն աննախադեպ մրցույթ է հայտարարել` միանգամից 71 թափուր աշխատատեղերի համար
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը տեղեկացրել է, որ հարկային և մաքսային համակարգերի ավտոմատացման, էլեկտրոնայնացմանը զուգահեռ, այսօր անհրաժեշտություն են դառնում նաև կադրային, կառուցվածքային բարեփոխումները, աշխատաժամանակի և աշխատատեղերի արդյունավետ բաշխածվածության խնդիրը. «Այս առումով լուրջ միջոցառումներ են անցկացվել նաև այս տարի, մասնավորապես առաջին եռամսյակում Երևանի հարկային տեսչությունների օպտիմալացման արդյունքում կրճատվել են 3 հարկային տեսչություններ: Արդյունքում 125 հարկային ծառայողներ, ովքեր չեն համապատասխանել կոմիտեի պահանջներին, համաձայն աշխատանքային օրենսգրքի, ազատվել են աշխատանքից: Իսկ երկրոդ եռամսյակում տարածքային հարկային 4 տեսչություններ են վերակազմակերպվել, արդյունքում 133 հարկային ծառայողներ ազատվել են աշխատանքից»։
Նոր հարկային ծառայողներ ընտրելիս կոմիտեն առաջնորդվում է 3 հիմնական չափանիշներով. մասնագիտական բարձր պատրաստվածություն, համակարգչային հմտություններ և վերլուծական կարողությունների առկայություն: «Մեր անձնակազմը պետք է պատրաստ լինի և կարողանա վերլուծություններ կատարել ըստ ոլորտների, վեր հանել ռիսկերը, ինչի հիման վրա էլ կիրականացվեն հսկողական գործառույթները»,-ընդգծել է Արմեն Ալավերդյանը:
Համակարգը բարձրակարգ կադրերով համալրելու գործընթացի շրջանակում ՊԵԿ-ն այսօր աննախադեպ մրցույթ է հայտարարում` միանգամից 71 թափուր աշխատատեղերի համար, հիմնականում տնտեսագիտական, հաշվապահական և իրավաբանական մասնագիտություններով: Ի դեպ, թափուր աշխատատեղերի զգալի մասը բաժին է ընկնում մարզերին: Իսկ մրցույթին մասնակցողներն առաջիկա 25 օրերին կարող են արդեն իսկ հայտ ներկայացնել ՊԵԿ կադրերի վարչություն: Որպես ՊԵԿ ատեստացիոն և մրցութային հանձնաժողովի նախագահ, Արմեն Ալավերդյանը վստահեցրել է, որ մրցույթի արդյունքում կընտրվեն լավագույնները:
Միաժամանակ շարունակվում է ՊԵԿ աշխատակիցների վերապատրաստման գործընթացը. այս տարի 800 տեսուչ արդեն իսկ ընդգրկված է ուսումնական գործընթացներում: