Բաժիններ՝

Միլիարդները մոռացվեցին

Այս տարվա վերջում Հայաստանի արտաքին պետական պարտքը կկազմի 3.8 մլրդ դոլար, իսկ 2013 թ. վերջում՝ 4 մլրդ դոլար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ստացվում է, որ հաջորդ տարվա ընթացքում Հայաստանի արտաքին պարտքն ավելանալու է ընդամենը 200 միլիոն դոլարով։ Իհարկե, 200 միլիոնը քիչ գումար չէ։ Սակայն «ընդամենը» բառն օգտագործում ենք՝ հաշվի առնելով, որ ոչ վաղ անցյալում խոսք էր գնում դրանից 5 կամ 10 անգամ ավելի մեծ վարկ ներգրավելու մասին։

Այսպես, դեռ հուլիսի վերջին նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով` ՀՀ կառավարությունը Ռուսաստանից 1 մլրդ դոլար վարկային միջոցներ ստանալու վերաբերյալ բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ: Այն ժամանակ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը չհերքեց դա` հայտարարելով, թե կառավարությունը միշտ էլ վարկեր ներգրավելու շուրջ բանակցություններ է վարում:

Այնուհետև սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ մեր իշխանությունները փորձում են Ռուսաստանից ստանալ ոչ թե 1, այլ մոտ 2 մլրդ դոլարի վարկ։ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը 168.am-ի հետ զրույցում կրկին ոչ հերքել, ոչ հաստատել էր այդ տեղեկությունը` հայտարարելով, թե կառավարությունը բյուջեի պակասուրդը լրացնելու համար մշտապես ուղիներ է փնտրում, և կարևորը ոչ թե վարկերի աղբյուրն է, այլ դրանց ցածր տոկոսադրույքները և մարման երկարաժամկետ հնարավորությունը:

Փաստորեն, կամ ֆինանսավորման «ուղիները» չի հաջողվել գտնել, կամ էլ՝ դեռ փնտրտուքի մեջ են, և չի բացառվում, որ նոր պարտքի մասին իմանանք դրա շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո միայն։ Կա նաև երրորդ տարբերակը. իշխանությունը փոշմանել է և որոշել է նոր խոշոր վարկ չներգրավել։ Ինչպես արդեն նախկինում նշել էինք, կարծիք կա, որ Ռուսաստանից նման խոշորածավալ վարկային միջոցներ ներգրավելուն դեմ է վարչապետ Տիգրան Սարգսյանը, քանի որ, ըստ նրա, այդպիսով Հայաստանի համար ավելի դժվար կլինի հրաժարվել Եվրասիական միությանն անդամակցության պարտադրանքից:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս