
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայ մամուլի օրվա առիթով

«Այսօր մեր երկրում նշվում է Հայ մամուլի օրը: Քաղաքացիական հասարակության կայացումը մեծապես պայմանավորված է նաև ժամանակակից, պրոֆեսիոնալ լրատվամիջոցների առկայությամբ: Այսօր Հայաստանում կան տասնյակ թերթեր ու էլեկտրոնային լրատվամիջոցներ: Բարձր որակավորումը, անարդարության նկատմամբ պայքար մղելու պատրաստակամությունը, երևույթների օբյեկտիվ լուսաբանումը եղել և կշարունակեն մնալ այն լրագրողների նկարագիրը, ովքեր իրենց հրապարակումներում աչքի են ընկնում սկզբունքային և անաչառ կեցվածքով: Ժամանակակից մամուլի պարտականությունը ոչ միայն հավաստի և ամբողջական տեղեկատվության հրապարակումն է, այլև սեփական մասնագիտության պատվի պահպանումն ու դրա քաղաքացիական արժեքի բարձրացումը:
Մամուլի հրապարակումները շատ կարևոր են նաև պետական, քաղաքական գործիչների համար: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ մեր երկրում կատարված այս կամ այն իրադարձության մասին տեղեկանում ենք հենց լրատվամիջոցների հրապարակումներից, որից հետո էլ անցնում ենք այդ խնդիրների լուծմանը: Ազատ, արդար ու օբյեկտիվ մամուլն իրականում մեր գործունեության հայելին է, որից դասեր ենք քաղում, շտկում և ուղղումներ կատարում մեր ամենօրյա աշխատանքում: Մամուլը մեր երկրի հարատևման գրավականներից է` իր սրությամբ և անաչառությամբ:
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ»,- գրել է վարչապետը: